Զոհված սերժանտի բաժին հերոսությունն ամրագրվեց հարազատ դպրոցում. նրա անունով դասարան է բացվել

«Ապագա զինվորն այնպես պետք է լինի, ինչպես որ ես եմ պատրաստվել»,-նման պատասխան էր տվել հարազատ դպրոցի տնօրենին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին օգոստոսին հակառակորդի դիվերսիոն ներթափանցումը հետ մղելիս վիրավորված և մեկ օր անց հոսպիտալում մահացած կրտսեր սերժանտ Սարգիս Մովսիսյանը:

Հիշեցնենք, որ կրտսեր սերժանտ Սարգիս Մովսիսյանն այս տարվա օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը` Մարտակերտի ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած հետախուզա-դիվերսիոն ներթափանցման փորձը հետ մղելիս էր վիրավորվել, ինչը ճակատագրական եղավ: ԼՂՀ սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ՀՀ և ԼՂՀ նախագահների կողմից Սարգիս Մովսիսյանը հետմահու պարգևատրվեց «Արիության համար» ՀՀ և ԼՂՀ մեդալներով:

Այս օրերին կրտսեր սերժանտի հերոսությունն իր ամրագրումը գտավ նաև հայրենի Մայիսյան գյուղի հարազատ դպրոցի պատերի ներսում. դասարաններից մեկն այսուհետ կկոչվի Սարգիս Մովսիսյանի անունով:

«Նա դպրոց ընդունվեց 2000թ.-ին, 2010թ.-ից սկսեց սովորել Արտակարգ իրավիճակների նախարարության ակադեմիայում, որից հետո` 2012թ.-ին, զորակոչվել է բանակ: Նա երկու առանձնահատուկ հատկանիշ ուներ, որով իրեն բոլորը միշտ կհիշեն: Անկախ իրավիճակներից ինքը միշտ ժպտում էր ու երկու թշիկներն այդ ընթացքում կարմրում էին: Ես իրեն պատմություն եմ դասավանդել: Հիշում եմ` ինչքան էլ առիթ է եղել, որ պիտի  իր վրա զայրանամ` միշտ չի ստացվել: Կանգնեցրել եմ ու այդ պահին, երբ թշիկները կարմրել են, էլ զայրանալ չեմ կարողացել»,-Times.am-ի հետ զրույցում պատմեց դպրոցի տնօրենը՝ ընկեր Պետրոսյանը: 

Նրա խոսքով` Սարգիս Մովսիսյանի անվան դասարանը դպրոցին ու դպրոցի աշակերտներին պատմություն կտա: Չնայած Մայիսյան գյուղն անմասն չի մնացել  արցախյան պատերազմից. գյուղի տղաներն «Արաբո» ջոկատի կազմում 1992թ.-ի հունիսի 30-ին Լենինաբադ գյուղի շրջանում անհայտ կորել են՝ երեքն էին:

«Իսկ 1993-94թթ.-ին մեր գյուղից ևս երկու տղա զոհվեց, 1994թ.-ին` ևս
մեկը: Դեռ այն ժամանակ որոշվեց, որ դպրոցում այս վեց տղաների անվան
դասարաններ պիտի ունենանք ունենք:

Տարիներ անց` 2008թ.-ին, դպրոցի աշակերտների և գյուղապետարանի նախաձեռնությամբ գյուղի Մշակույթի տան բակում բացվում է ազատամարտի տարիներին զոհված ու անհայտ կորած մայիսյանցիների հիշատակը հավերժացնող հուշարձան: Սարգիս Մովսիսյանն այս  պատմության կրողն էր:

Ի դեպ, նույն տարում էր, որ մեր դպրոցի աշակերտները որոշեցին այդ հուշարձանի շրջակայքում այգի ստեղծել: Ծառեր տնկեցին, մշակեցին ու հիմա այնտեղ այնպիսի մի այգի է, որ անգամ հուշարձանը չի երևում: Ու գիտեք, այ հենց հիմա էլ մեր հուշարձանի մոտ եղած այգում Սարգիսի ձեռքով տնկած ծառերը կան, որ բերքի տակ կռացած են, բայց ոչ մեկս չենք քաղում: Չենք քաղում, որովհետև դա Սաքոյի բաժինն է»,- ամփոփեց Իշխան Պետրոսյանը:

 

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում