«Տիկնիկ» թատրոնի Շուշիի մասնաճյուղը հյուրընկալվեց Քարվաճառում

Հոկտեմբերի 23-ին «Տիկնիկ» տիկնիկային թատրոնի Շուշիի մասնաճյուղի թատերախումբը հյուրըկալվեց Քարվաճառում: Քարվաճառի մշակույթի տան դահլիճում տիկնիկային թատրոնը ներկայացրեց «Հայկ եւ Բել» բեմադրությունը:

Ներկայացումը պատմում էր հայ ազգի նահապետ Հայկի ու բռնակալ Բելի մասին ավանդազրույցը: Ներկայացման հեղինակները հնագույն պատմությունը թատերական հնարքների միջոցով կապել էին մեր օրերին` հիշեցնելով, որ Շուշիի ազատագրումն էլ նույնպիսի գոյության պայքար էր, որպիսին նահապետ Հայկն էր մղել իր ժամանակին:
Թատերախմբի անդամները դպրոցականներ են:

Ինչպես մեզ հետ զրույցում նշեց «Տիկնիկ» տիկնիկային թատրոնի Շուշիի մասնաճյուղի տնօրեն Անի Կապլանյանը, թատերախմբին կարող է անդամակցել յոթ տարեկանից բարձր յուրաքանչյուր ոք: Որպես «Տիկնիկ» թատրոնի մասնաճյուղ թատերախումբը գործում է այս տարվա հունվար ամսից: «Խումբը, սակայն, ձեւավորվել էր ավելի վաղ, նախորդ տարվա օգոստոս ամսից: Այդ ժամանակվանից էլ մենք սկսել էինք «Քրոջ սերը» ներկայացման փորձերը, տիկնիկներն ինքներս էինք պատրաստել: Այդ ներկայացումը պատրաստելուց եւ ներկայացնելուց հետո մենք սկսեցինք «Հայկ եւ Բել» ներկայացման բեմադրությունը», տեղեկացրեց Անի Կապլանյանը: «Հայկ եւ Բել» ներկայացման առաջնախաղը վերջերս տեղի ունեցավ Շուշիում, իսկ այնուհետ թատերախումբը մի քանի հյուրախաղեր է ունեցել այս ներկայացմամբ: Մինչեւ Քարվաճառ այցելելը, ներկայացումը մեկ շաբաթվա մեջ բեմադրվել է նաեւ Բերձորում ու Ծմակահողում:

Ներկայացման համար նյութ ընտրելիս թատերախումբը շեշտը դնում է հայրենասիրություն եւ քաղաքացիական դիրքորոշում դաստիարակող թեմաների վրա: «Հայկ եւ Բել» ավանդազրույցի ընտրությունն էլ նպատակ ունի հանդիսատեսի մեջ հայրենասիրություն սերմանել` հայոց պատմությունը ներկայացնելով:

Խոսելով առաջիկա ծրագրերի մասին, մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ առաջիկայում թատրոնը կպատրաստի ամանորյան բեմադրություն, որը կներկայացվի Շուշիում, Ստեփանակերտում:

Թամարա Գրիգորյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում