Անցկացվել է սիրիահայ համայնքի հիմնախնդիրներին նվիրված թեմատիկ երկրորդ նիստը

«Հայաստան-Սփյուռք» համահայկական հինգերորդ համաժողովը սեպտեմբերի 20-ին շարունակել է իր աշխատանքները չորս թեմատիկ նիստերով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, սիրիահայ համայնքի հիմնախնդիրներին նվիրված թեմատիկ երկրորդ նիստում քննարկվել են պատերազմի հետևանքով Լիբանան և Հայաստան տեղափոխված սիրիահայերի հիմնախնդիրները, Հայաստանում պետական պատկան մարմինների, ինչպես նաև համահայկական ու բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացել են Հայաստանում սիրիահայերի աջակցության ծրագրերը, վերհանվել հիմնական խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր մեխանիզմները:

Անդրադարձ է եղել նաև վտանգված այլ համայնքների՝ Իրաքի, Եգիպտոսի հիմնախնդիրներին: Նիստավար Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Բերիո Հայոց թեմի առաջնորդ, բարձրաշնորհ տեր Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը նիստը սկսել է Տերունական աղոթքով:

Շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարությանը համաժողովը կազմակերպելու համար՝ Կահիրեի թեմական ժողովի անդամ, ՀՅԴ անդամ, «Լուսաբեր» մշակութային ընկերակցության ատենապետ Սուրեն Բայրամյանը ներկայացրել է «Իրավիճակը Եգիպտոսում»: Զուգահեռներ անցկացնելով սիրիական դեպքերի հետ՝ զեկուցողը մասնավորապես նշել է, որ քաղաքական զարգացումների պատճատով այսօր համայնքի կարևորագույն մտահոգությունը անորոշությունն է: Եգիպտոսի 45-50 հազարանոց համայնքից 5 հազար մարդ է մնացել:

Իրաքահայ հասարակական գործիչ Պարույր Հակոբյանը ներկայացրել է իրավիճակը Իրաքում, որտեղ մնացել է ընդամենը 10 հազար մարդ, հիմնականում Բաղդադ և Բասրա քաղաքներում: Նշելով հոգևոր և համահայկական կառույցների, հայոց պետության աջակցության մասին՝ զեկուցողը մասնավորապես նշել է. «Միասնաբար պետք է մտածենք, թե ինչպես կարելի է ապահովել Միջին Արևելքի համայնքներից արտագաղթածների հայ մնալը»:

«Հալեպ» հասարակական կազմակերպության գործունեությունը ներկայացրել է Ծովիկ Մակարյան-Բայթարյանը: Կազմակերպությունը Հայաստանում գրանցվել է մեկ տարի առաջ, և նպատակն է նյութաբարոյական աջակցություն ցուցաբերել սիրիահայերին, բնակարաններ տրամադրել և կասեցնել Հայաստանից սիրիահայերի արտագաղթը, որ Սիրիայում խաղաղություն հաստատվելուց հետո կարողանան վերադառնալ Սիրիա և մասնակցել համայնքի վերակառուցմանը:

Հայաստանում բնակվող սիրիահայերի աջակցության նպատակով իրականացված աշխատանքների վերաբերյալ զեկուցումով հանդես է եկել «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Լենա Հալաճյանը: Զեկուցողը կարևորել է սիրիահայերի համար «Նոր Հալեպ» թաղամասի կառուցումը:

Սկսելով քննարկումը և մտքերի փոխանակությունը՝ նիստավար Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Բերիո Հայոց թեմի առաջնորդ, բարձրաշնորհ տեր Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը շնորհակալություն է հայտնել բոլոր կազմակերպություններին, կառույցներին ու անհատ բարերարներին, և մասնավորապես նշել է. «Այսօր ամենակարևոր երևույթը միասնականությունն է: Պետք է նոր մոտեցումով մարմին ստեղծել, որի նպատակը սիրիահայերի գոյատևումն է Հայաստանում և այլ երկրներում»:

Քննարկման արդյունքում նիստի մասնակիցները առաջարկել են ստեղծել Ազգային մարմին՝ ՀՀ պետական պաշտոնյաների, հոգևոր կառույցների, համահայկական կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ, որը կաջակցի քաղաքական անկայուն իրավիճակներում գտնվող երկրների հայ համայնքներին, կորոշի առաջնահերթությունները և կմշակի արագ արձագանքման ռազմավարությունն ու կիրականացնի կազմակերպչական աշխատանքները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում