«Երիտֆորում 2014»-ը Քարվաճառում է. հանդիպումներ, քննարկումներ ու համագործակցության նոր հնարավորություններ

«Երիտֆորում 2014»-ը Քարվաճառում է. հանդիպումներ, քննարկումներ ու համագործակցության նոր հնարավորություններ

Օգոստոսի 20-22 Քարվաճառում անց է կացվում Արցախի «Երիտֆորում 2014» միջոցառումը: Միջոցառումն անցկացվում է արդեն երրորդ տարին. այս տարի միջոցառմանը մասնակցում են 18-35 տարեկան 60 երիտասարդներ Արցախի Հանրապետության բոլոր շրջաններից, ինչպես նաեւ մասնակիցներ կան Հայաստանի Հանրապետությունից:

«Երիտ ֆորում»-ի առաջին օրը, օգոստոսի 20-ին, երիտասարդներն արդեն այցելել են Դադիվանք վանական համալիր: Քարվաճառի հիմնական դպրոցում, որը միջոցառման անցկացման վայրն է, օգոստոսի 20-ին կազմակերպվել են դասախոսություններ եւ քննարկումներ: Մասնավորապես, տեղի են ունեցել մի շարք հասարակական կազմակերպությունների եւ ուսանողական խորհուրդների շնորհանդեսներ, ներկայացվել են ԼՂՀ-ում 2014-15 թթ. գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերը: Յուրաքանչյուր օրվա վերջում կազմակերպվում է ազգագրական պարերի դաս ինչպես երիտֆորումի մասնակիցների, այնպես էլ’ Քարվաճառի երիտասարդների համար:

Այսօր, օգոստոսի 21-ին, նախատեսվում է հանդիպում Արցախի Մշակույթի եւ Երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանի հետ: Ինչպես նաեւ, նախատեսվում են դասախոսություններ ու քննարկումներ «Ցանցային ծրագրերի ձեւավորումը Արցախում», «Փոքր եւ միջին բիզնեսի աջակցության մեխանիզմները ԼՂՀ-ում», «Համայնքային կարիքների վերլուծություն» թեմաներով:

Ինչպես մեզ հետ զրույցում նշեց Արցախի Մշակույթի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Գայանե Գրիգորյանը, «Երիտ ֆորում»-ի հիմնական նպատակն է նպաստել Արցախի երիտասարդական ներուժի ակտիվացմանն ու զարգացմանը, բարձրացնել երիտասարդների մասնակցությունը համայնքի զարգացման գործում:

«Մեր հիմնական նպատակներից է այն, որ տարբեր համայնքների երիտասարդներ իրար հետ ծանոթանան, շփվեն, միասին ծրագրեր մշակեն եւ ներկայացնեն. Մշակույթի նախարարությունն էլ կաջակցի այդ ծրագրերին»: Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ նախորդ տարիներին իրականացված Արցախի «Երիտֆորում» ծրագրի արդյունքում ծնվել են մի շարք այլ տեղական ծրագրեր, որոնք ներկայացվել են երիտասարդների կողմից: «Մենք արդեն վեց ծրագիր ենք ֆինանսավորել: Ծրագրերը տարաբնույթ են, սկսած ճանաչողական այցերից մինչեւ խաչքարերի պատրաստում եւ տեղադրում: Այսինք, այնպես չէ, որ ֆորումն ավարտվում է այս երկու օրում. ո´չ, մենք առավել ակտիվ երիտասարդների հետ աշխատում ենք ամբողջ տարվա ընթացքում, եւ այդ երիտասարդները շարունակում են բարեփոխումներ անել իրենց համայքներում: Օրինակ, մենք Ծմակահող համայնքի ղեկավարի հետ ծանոթացել ենք հենց Երիտֆորումի շրջանակներում, եւ շարունակում ենք աշխատել մի շարք այլ նախագծերում»: Նշենք, որ այդ համագործակցության արդյունք կարելի է համարել նաեւ այն փաստը, որ այս տարի Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերպվող Արցախ Barcamp միջոցառումն անցկացվեց հենց Մարտակերտի շրջանի Ծմակահող համայնքնում:

Մշակույթի եւ երիտասարդության հարցերի փոխնախարարը նշեց նաեւ այս տարի «Երիտֆորում»-ը հենց Քարվաճառում կազմակերպելու պատճառները:

«Վերջին իրադարձություններից հետո մենք որոշեցինք գալ Քարվաճառ: Որոշ խոսակցություններ կային, թե Քարվաճառում խուճապ է: Իրականում մենք էլ գիտեինք, որ այդպիսի բան չկա, բայց մենք նախ ցանկացանք այս պահին երիտասարդներով լինել այստեղ: Երիտասարդներն իրենց աչքով են տեսնում, որ որեւէ խուճապ չկա, եւ ոչ միշտ է զլմ-ներում գրվածը համապատասխանում իրականությանը: Երկրորդ, մենք հավատարիմ ենք շրջաններում երիտասարդների կյանքի ակտիվացման քաղաքականությանը եւ այս ծրագիրն ուղղված է հենց դրան»: Ըստ մեր զրուցակցի, Քարվաճառն այսօր չակերտներում ասած, խոցելի վայր է. ինչու՞ չակերտներում, քանի որ լինելով այստեղ, բոլորն էլ տեսնում ու համոզվում են, որ Քարվաճառում խուճապ չկա, որ մարդիկ շարունակում են ապրել այստեղ, ինչպես որ ապրել են:

«Մենք չէինք էլ կասկածում, սակայն սա էլ մի ակցիա է, որով Քարվաճառի բնակչությանը ցույց ենք տալիս, որ իրենք ուշադրության կենտրոնում են, եւ մենք պատրաստ ենք լինել այնտեղ, որտեղ կարիք կա»:

Ըստ տիկին Գրիգորյանի’ Քարվաճառում միջոցառում կազմակերպելու համար բոլոր պայմանները կան: «Տեղի ղեկավարարությունը մեզ ամեն կերպ աջակցեց միջոցառման կազմակերպման համար: Ծրագրին աջակցեց նաեւ Պաշտպանության բանակը»: Փոխնախարարը ընդգծեց, որ կազմակերպիչներն իսկապես ցանկանում են, որ այս ծրագրի շրջանակներում այլ շրջաններից ժամանած մասնակիցները շփվեն հենց տեղի երիտասարդների հետ:

«Այսօր երեկոյան համերգ է լինելու, եւ մենք ցանկանում ենք, որ մասնակցեն նաեւ տեղի բնակիչները»:
Խոսելով ծրագրի մասնակիցների տրամադրությունից, մեր զրուցակիցն ընդգծեց, որ բոլորի տրամադրվածությունը շատ դրական է, եւ բոլորն էլ ուրախ են, որ Քարվաճառում են:

Հավելենք, որ վաղը, օգոստոսի 22-ին, միջոցառման վերջին օրը մասնակիցները քննարկումներից ու դասախոսություններից հետո կայցելեն նաեւ «Տաք ջուր» կոչվող վայր, որից հետո կմեկնեն Ստեփանակերտ:

Լուսանկարը` Արցախի ՄԵ նախարարության ֆեյսբուքյան էջից: 

Թամարա Գրիգորյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում