«Արցախը բանակցային սեղանին Մադրիդյան սկզբունքների շուրջ քննարկումներ չի իրականացնի». Արցախի վարչապետ (տեսանյութ)

«Արցախը բանակցային սեղանին Մադրիդյան սկզբունքների շուրջ քննարկումներ չի իրականացնի». Արցախի վարչապետ (տեսանյութ)

Առցանց հարցուպատասխանի շրջանակում ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը պատասխանում է Times.am-ի տնտեսական և քաղաքական հարցերին:

-Որո՞նք են Արցախի տնտեսության առաջնահերթությունները և որքանով դրանք կապ ունեն ՀՀ-ի տնտեսական առաջնահերթությունների հետ:

Կարևոր ռազմավարական ուղղությունները մենք միշտ նշում ենք, դրանք են՝ գյուղատնտեսություն, էներգետիկա, հանքարդյունաբերություն, զբոսաշրջություն, այսօր արդեն նաև թեթև արդյունաբերություն և ծառայություններ: Սրանք են մեր հիմնական ուղղությունները, պոտենցիալը կա, աշխատանքներ տարվում են և արդյունքում արձանագրում ենք տնտեսական աճի բարձր տեմպեր, որն ապահովում է բյուջետային եկամուտների ավելացում տարեցտարի:

-Ինչի հետ է կապված Արցախցիների հիմնական դժգոհությունը:

Կառավարությունից միշտ էլ կլինեն դժգոհություններ, հիմնական և ամենաշատ դժգոհությունը սոցիալական խնդիրների չլուծման պատճառով է: Բազմաթիվ դիմումներ ենք ստանում բնակարանային պայմանների բավարարման, լուծման և դրանց գերակշիռ մասը սոցիալական խմբեր, որոնք ակնկալում են իշխանությունից խնդրի լուծում և կարճ ժամանակահատվածում՝ շատ ժամանակ չգիտակցելով, թե դա ինչ մեծ ծախսերի հետ է կապված, ինչու չէ կան այլ բողոքներ, որ միշտ չէ կադրերի ընտրությունն արդարացի կատարվում, փորձում ենք մեր աշխատանքի ընթացքում, մեր հնարավորության սահմաններում լուծում տալ կամ խուսափել նման իրավիճակից: Կառավարությունը գործող մարմին է, ուստի և սխալներ, և թերություններ ունի, այդ քննադատությունների մի մեծ մասը գալիս է դրանից, մի մասը, որ մարդկանց սպասումներն ավելի շատ են, քան մեր հնարավորությունները: Չեն բավարարվում մեր կողմից իրականացվող սոցիալական և ընդհանուր պետական քաղաքականության գործունեությունից և դժգոհություններ ձևավորվում են:

-ՀՀ-ում որոշել են թանկացնել էլեկտրաէներգիան, Արցախում գիտեմ նույնպես, իհարկե, այս դեպքում սուբսիդավորում կա: ՀՀ իշխանություններն այսպես ասած՝ բեռի թեթևացման այլ տարբերակ են ընտրել՝ որպես փոխհատուցում էլեկտրաէներգիայի սակագնի ավելացմանը, ընտանեկան նպաստները կավելանան 1.000 դրամով: Ըստ Ձեզ՝ ճի՞ շտ է ընդամենը 1000 դրամով աջակցությունը, այն էլ որոշակի հատվածի միայն:

Նախ ես չեմ ուզում գնահատական տալ, թե ինչքանով է այդ 1000 դրամը բավարար կամ ՀՀ կառավարությունն ինչպիսի սոցիալական քաղաքականություն է իրականացնում: Սոցիալական խոցելի խավերի համար ՀՀ-ում գործում է սոցիալական նպաստ և այդ նպաստի չափը հաշվում են ելնելով պետական հնարավորությունից և այդ սոցիալական թիրախի հաշվարկն ունենալուց հետո, սա չմեկնաբանենք:

Ձեզ չի՞ մտահոգում ՀՀ-ում արտագաղթի տեմպերի աճը, երբ այն հանդիսանում է Արցախի անվտանգության երաշխավորը:

Իհարկե, բոլորին է մտահոգում՝ ոչ միայն ինձ, արցախցի մեր քաղաքացիներին, ՀՀ իշխանությանը, ՀՀ քաղաքացիներին, այլ մեր Սփյուռքի բոլոր բարեկամները ևս մտահոգված են արտագաղթի առումով: Պետք է ընդամենը շատ աշխատել, շատ աշխատանք տանել, մեծ ներդրումներ կատարել, որպեսզի ստեղծվեն ավելի նպաստավոր պայմաններ ՀՀ-ում, Արցախում ապրելու համար:Դրա համար պետք է ստեղծել աշխատանքի հնարավորություն, ունենալ բավարար աշխատավարձ, ինչպես նաև մնացած երաշխիքները, որոնք մեր քաղաքացիներն այսօր պահանջում են:

-ՀՀ կառավարությունը փոխվեց, նախկին վարչապետի հետ դուք մտերիմ էիք…

Ես ՀՀ բոլոր պաշտոնյաների հետ լավ, ջերմ հարաբերություններ ունեմ: Հնարավոր չէ ՀՀ պաշտոնյաների, ընդ որում՝ ոչ միայն վարչապետերի, նախարարների, այլ բոլոր պաշտոնյաների հետ չլինեն ընկերական հարաբերություններ: Եվ գործող վարչապետի հետ մենք ունենք բացի աշխատանքային ջերմ հարաբերություններից, շատ ավելի ջերմ ընկերական հարաբերություններ:

-Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է ձգձգվում ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցումը:

Այս հարցի վերաբերյալ ՀՀ իշխանությունները բազմաթիվ անգամ պատասխանել են, երևի տեխնիկական խնդիրներ կան:

-Ինչպե՞ս եք գնահատում, առհասարակ, հայկական դիվանագիտությունը, կարծիքներ կան, որ այն ձախողված է:

Սովորական աշխատանք է կատարվում իր լիազորությունների շրջանակում:

-Բանակցային սեղանին դրված են Մադրիդյան սկզբունքները, եթե Արցախը վերադառնա բանակցային սեղանին, կհամաձայնի՞ դրանց շուրջ բանակցել:

Ես նշել եմ Արցախի դիրքորոշումը, իհարկե, Մադրիդյան սկզբունքները մեզ համար անընդունելի են, այն, ինչ մենք լսում ենք և լսել ենք թերթերից, լրատվությունից, հայտարարություններից, համանախագահող երկրների ներկայացուցիչների կողմից: Չեմ գտնում, որ եթե Արցախը բանակցող կողմ լինի այս հարցի շուրջ քննարկումներ կիրականացնի և համոզված եմ՝ երբ որ վերջում նման փաստաթուղթ պետք է ներկայացվի Արցախին, Արցախի իշխանությանը, բնակչությանը, որևէ դրական արձագանք կարող է ստանալ:

-Վերջերս Նախագահ Սերժ Սարգսյանը մտահոգություն հայտնեց, թե մեզ համար ցավոտ թեմա է և մեր ժողովուրդը շատ է մտահոգվում, որ մեր ռազմավարական գործընկերը զենք է վաճառում Ադրբեջանին։ Ինչո՞վ եք այն բացատրում՝ վտանգը մո՞տ է պատերազմի վերսկսման կամ փոխզիջումների միակողմանի պարտադրանք կա՞:

Չեմ գտնում, որ հավանականությունը բարձրացել է, վտանգը մեծ է, բայցև ոչ մի ժամանակ մենք չենք բացառել պատերազմը՝ սկսած զինադադարի հաստատումից հետո և հաջորդ օրվանից մենք պատրաստվում ենք նոր պատերազմի: Բազմաթիվ թևավոր խոսքեր, մեծերի խոսքեր կան՝ եթե ուզում ես ունենալ երկարատև խաղաղություն, պետք է մշտապես պատրաստ լինել պատերազմի, պետք է մշտապես զգոն լինել, մենք առաջնորդվում ենք այս սկզբունքով:

-Եվ վերջին հարցը՝ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը հարցազրույցներից մեկում չբացառեց նախագահի թեկնածու լինելու փաստը, դուք այս մասին մտածո՞ւմ եք:

Ես այսօր մտածում եմ մեր երկրի խաղաղության պահպանման և տնտեսության զարգացման մասին:

ՄԱՐԻԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Times.amի կողմից հնչեցված և այլ տնտեսական հարցերի ԼՂՀ վարչապետի պատասխաններին կարող եք ծանոթանալ այստեղ,  իսկ քաղաքական հարցերինը՝ այստեղ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում