AM | RU
USD
EUR
RUB

Ծմակահող. փոքրիկ գյուղի խնդիրները, ձեռքբերումներն ու անելիքները (լուսանկար)

 

Ծմակահողի մասին

Արցախի Մարտակերտի շրջանի Ծմակահող համայնքում բնակվում է 260 հոգի: Գյուղում գրանցված է 71 ընտանիք, որոնցից 66-ը մշտական բնակվում են, իսկ 5-ը' ժամանակավոր բացակայում են գյուղից: Այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց Ծմակահողի համայնքապետ Սեւակ Հակոբյանը: Գյուղն ակտիվ կերպով մասնակցել է արցախյան պատերազմին: Դեռեւս 1992 թ. գյուղում կազմավորվել է երկրորդ վաշտը, որը մասնակցել է պատերազմական գործողություններին: Գյուղից 47 ազատամարտիկ են մասնակցել պատերազմին, գյուղը տվել է 9 զոհ եւ 1 անհետ կորած: Թշնամին Ծմակահող չի մտել, գյուղը պատերազմի ընթացքում չի ռմբակոծվել:

Այսօր Ծմակահողն ունի մեկ դպրոց: Դպրոցում սովորում է 26 աշակերտ:

«Դպրոցում կա մեկ կոմպլեկտ դասարան, 5-րդ եւ 6-րդ դասարանները միասին են: Դպրոցն ապահովված է ուսուցիչներով, միայն անգլերեն լեզվի ուսուցիչը շաբաթվա մեջ երեք օր գալիս է Ստեփանակերտից, իսկ աշխարհագրության ուսուցիչը հարեւան Առաջագյուղից է», տեղեկացրեց մեր զրուցակիցը:


Գյուղատնտեսության մասին

Խոսելով գյուղի բնակիչների զբաղվածության մասին' համայնքապետը տեղեկացրեց, որ բնակիչները հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ' անասնապահությամբ եւ հողագործությամբ: Եւ այս ոլորտում խնդիրներն ու անելիքները բազմաթիվ են:

«Գյուղը բավականաչափ հողեր չունի, վարելահողերը կազմում են 98 հա, եւ դա շատ քիչ է: Եղած հողերն էլ սեփականաշնորհված են, եւ որոշ բնակիչներ նպատակային չեն օգտագործում հողը: Կարծում ենք, որ այդ հողերը պետք է միավորվեն, ոչ թե մեկ մասնավորի ձեռքում, այլ, ասենք, ինչ-որ կազմակերպության մեջ: Հողը պետք է ճիշտ մշակվի, եւ պետության օժանդակությունն անհրաժեշտ է այս հարցում», կարծում է համայնքի ղեկավարը:

Իհարկե, գյուղացիներին մեկ կազմակերպության շուրջ միավորելու համար պետք է նախ բազա ունենալ:

«Հիմա մենք ստեղծել ենք «Ծմակահող» բարեգործական հիմնադրամը, եւ նպատակ ունենք հենց դրա շուրջ միավորել գյուղացիներին: Մենք պետք է առաջնային ռեսուրսներ ունենանք: Հիմնադրամը մոտ մեկ տարվա պատմություն ունի, եւ մենք մինչեւ այժմ աշխատել ենք ծրագրերով: Անցած տարի եւ այս տարի կազմակերպել ենք ամառային ճամբարներ Ծմակահողում: Այս տարի Ծմակահողում է անցկացվում նաեւ Արցախ Barcamp 2014-ը», նշեց Սեւակ Հակոբյանը:
Խոսելով գյուղի զարգացման ծրագրերից, գյուղապետը տեղեկացրեց, որ «Ծմակահող» հիմնադրամը առաջիկայում նախատեսում է նաեւ ֆրանսահայ գործընկների օժանդակությամբ գյուղում հիմնել ալրաղաց եւ մուրաբայի գործարան:


Գյուղի խնդիրների մասին

Խոսելով գյուղում առկա խնդիրներից, Սեւակ Հակոբյանը նախ առանձնացրեց խմելու ջրի հարցը:
«Ջրի խնդիրը Ծմակահողի համար օրակարգային է: Գյուղի ջրագիծը կառուցվել է 1968 թ. եւ այժմ արդեն շատ վատ վիճակում է, գրեթե պիտանի չէ օգտագործման համար: Ջրագծի կառուցման նախահաշիվ կա կառավարությունում, բայց քանի որ դա շատ լայնածավալ գործ է, դեռեւս չգիտենք, թե երբ կիրականացվի: Հույս ունենք, որ նաեւ մասնավոր սեկտորի օժանդակությամբ եթե նոր ջրագիծ չկառուցվի, ապա գոնե եղածը կվերանորոգվի, որ օգտագործման համար պիտանի լինի», հույս հայտնեց գյուղապետը:

Ըստ համայնքի ղեկավարի, գյուղում այսօր առկա են նաեւ գյուղատնտեսական խնդիրներ: «Մեր համայնքում հողերը քիչ են մշակվում կամ էլ սխալ են մշակվում, եւ դրա արդյունքում բնակիչները լավ բերք չեն ստանում: Այժմ գյուղացիների հետ բացատրական աշխատանքներ են իրականացվում, գյուղատնտեսության զարգացմանն օժանդակող ծրագրերի մասին ենք տեղեկացնում բնակիչներին: Եւ այս տարի մշակվել է ավելի քան 45 հա հողատարածք, սակայն հուլիսի 8-ին տեղացած հորդառատ անձրեւն ու կարկուտը վնասել են բերքը ու ես վախենում եմ, որ հաջորդ տարի կրկին մշակվող հողատարածքը կպակասի», մտավախություն հայտնեց գյուղապետն ու տեղեկացրեց, որ այժմ բարեկարգվում է Ծմակահողից Սար կոչվող բնակավայր տանող ճանապարհը: Քանի որ այնտեղ վարելահողեր կան, ապա անցանելի ճանապարհ ունենալուց հետո այդ վարելահողերն էլ կօգտագործվեն գյուղացիների կողմից:

Գյուղատնտեսության զարգացման համար խոչընդոտ է նաեւ համապատասխան տեխնիկայի պակասը: «Գյուղն ունի երկու տրակտոր եւ մեկ կոմբայն: Բայց սա բավական չէ հողը նորմալ մշակելու համար, այլ տեխնիկական միջոցներ եւս անհրաժեշտ են: Մենք փորձեցինք ռուսաստանաբնակ ծմակահողցիներին հավաքել ու միասնական ուժերով մի «Բելառուս» տրակտոր գնել, սակայն գործը դեռ բանակցությունների փուլում է», ասաց մեր զրուցակիցը:


Երիտասարդների մասին

Անդրադառնալով գյուղում երիտասարդների խնդիրներին, համայնքապետը տեղեկացրեց, որ երիտասարդները հիմնականում կա´մ աշխատում են գյուղի դպրոցում, կա´մ էլ մոտակա զորամասում: «Կարող ենք ասել, որ երիտասարդները զբաղվածության խնդիր չունեն, բայց կա մի ուրիշ մեծ խնդիր. երիտասարդները ուշ են ամուսնանում, եւ դրանից կախված' ցածր է նաեւ ծնելիության ցուցանիշը: Ուշ ամուսնանալու պատճառները տարբեր են. առաջնային խնդիրը տան խնդիրն է: Այսօր Արցախում վարկային քաղաքականությունն այնպիսին է, որ շատ հաճախ վարկերը հասու չեն երիտասարդներին: Օրինակ, բնակարան գնելու համար պահանջվում է ցույց տալ բավականին մեծ աշխատավարձի չափ, ինչը գյուղական համայնքում ապրող երիտասարդի համար հաճախ անհնար է:

Այսպիսով, նրանք չեն կարողանում բնակարան ձեռք բերելու համար գումար ստանալ: Կարծում եմ, որ ԼՂՀ-ում պետք է վերանայվի վարկային քաղաքականությունը, հարմարեցվի երիտասարներին, նրանց կարծիքն էլ հաշվի առնվի», նշեց Սեւակ Հակոբյանն ու ընդգծեց, որ եթե երիտասարդները իրենց ապագան տեսնեն գյուղում, կկապվեն գյուղին:

«Գյուղի եւ քաղաքի միջեւ մեծ անջրպետ կա, գրավիչ է գյուղի երիտասարների համար, եւ ձգում է: Նրանք չեն ամուսնանում այն պարզ պատճառով, որ մտածում են գնալ քաղաքում տեղավորվել, իսկ միայնակ տեղավորվելն առավել հեշտ է», մտահոգություն է արտահայտում համայնքապետն ու միեւնույն ժամանակ հուսադրող նորություն է ասում. «Վերջին երեք տարվա ընթացքում երեք ընտանիք եկել եւ բնակվել են մեր համայնքում: Մեկն ընդհանրապես կապ չունի Ծմակահողի հետ, պարզապես եկել են մեր գյուղ, մենք էլ գրկաբաց ընդունել ենք, հաստատվել են մեր մոտ: Մյուս երկուսն արմատներով Ծմակահողից են: Երկար ժամանակ ապրել են Երեւանում, հետո վերադարձել են գյուղ: Սա նշանակում է` նրանք հույս ունեն, որ այստեղ կարելի է ապրել, ու դա նաեւ հույս է տալիս մեր մյուս բնակիչներին եւս»:


Հոգեւորի եւ մշակույթի մասին

Համայնքապետը հատկապես կարեւորում է գյուղում հոգեւոր կյանքի ակտիվացումը: Գյուղում եկեղեցիներ են կառուցվել դեռեւս 13-րդ դարից սկսած: «Ծմակահողում եղել են երեք եկեղեցիներ: 1228-29 թթ. կառուցված Սուրբ Ստեփանոս եկեղեցին, 1261 թ. կառուցված Մամքա եկեղեցին, որ փոքրիկ մատուռ է, եւ անկնունք եկեղեցին` կառուցված 1231 թ.:

2009 թ. Ծմակահողի երիտասարդները միավորվեցին մեկ գաղափարի շուրջ, եւ մենք միասին բարեկարգեցինք Սուրբ Ստեփանոս եկեղեցին: Որպես դրա շարունակություն այս տարի ավարտվեց նաեւ տանիքի շինարարությունը», պատմում է համայնքապետը:

Գյուղում հոգեւորական չկա, բայց ամեն տարի դեկտեմբերի 25-ին հոգեւորական է այցելում Ծմակահող եւ Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնին մատուցվում է պատարագ: Տարվա ընթացքում Գանձասարից հաճախակի քահանա է այցելում գյուղ եւ հանդիպումներ է ունենում համայնքի բնակչության հետ:

Խոսելով համայնքի մշակութային կյանքի մասին, Սեւակ Հակոբյանը տեղեկացրեց, որ գյուղում կա մշակույթի տուն: «Առաջ որեւէ խմբակ չէր գործում, եւ այս տարի Վանքի արվեստի դպրոցին կից բացվել է քանդակագործության խմբակ, որին մասնակցում է ութ երեխա: Մասնագետը մեր գյուղից է: Կա նաեւ ակորդեոնի խմբակ, որի պարապունքներին երեխաները գնում են Վանք: Ծրագիր ունենք, որ պարապունքները շուտով կանցկացվեն համայնքում: Ձեռք ենք բերել դաշնամուր, առաջիկայում ծրագիր կա բացել պարի խմբակ: Այս ամենը նպատակ ունի բնակիչների համար ժամանց ապահովել, երիտասարդների առօրյան լցնել»:

Համայնքում կազմակերպվում են նաեւ հյուրախաղեր: 2012-ին գյուղ է այցելել Երեւանի պետական կրկեսը: Վանքի արվեստի դպրոցը հաշվետու համերգներ է ունենում Ծմակահողում: Հադրութի Տող գյուղի արվեստի դպրոցի սաները, Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաները եւս այցելել են Ծմակահող:

Համայնքի երիտասարները մասնակցում են մշակույթի նախարարության կազմակերպած միջոցառումներին: Մասնավորապես, այս տարի մշակութային խաչմերուկ մրցույթ- փառատոնին համայնքի խումբը պարգեւատրվել է ակտիվ մասնակցության համար: «Այս տարի հունվարի 13-ին կազմակերպել ենք «Ավանդապաշտ արցախցի» ամանորյան ծրագիրը: Համայնքը վերջին տարիներին մշակութային ակտիվ կյանքով է ապրում եւ հատկապես մեծ ուշադրություն է դարձվում տարբեր միջոցառումներին երիտասարդների մասնակցությանը», ամփոփեց մեր զրուցակիցը:

Թամարա Գրիգորյան 

Լրահոս
Ես պատրաստ եմ ձեզ լսել, իսկ դու՞ք Պուտինը հանդես է եկել կարևոր առաջարկությամբ «Էրեբունի պլազա»-ում կրակոցների դեպքի առթիվ հարուցվել է քրգործ. 33-ամյա տղամարդը ձերբակալվել է Այս տարի նախատեսվում է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Նիդերլանդներ. Նիկոլ Փաշինյան Զենքը հանձնելու պայմանավորվածություն ձեռք է բերվել ձեռնաշղթաներ չհագցնելու պայմանով. Ահարոնյան Նարեկ Սամսոնյանը բացահայտում է հերյուրանքներ տարածող ֆեյքերի ֆաբրիկաները վարողներին. Տեսանյութ Ուսումնական տագնապ N զորամասում ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Պեկինում կորոնավիրուսի պատճառով չեղարկվել են Նոր տարվա միջոցառումները Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է վնազասերծվում «Էրեբունի պլազայում» կրակ բացողը Պուտինը պատմել է Լենինգրադի շրջափակման ժամանակ մահացած եղբոր մասին (տեսանյութ) Արտոնություն է տրամադրվել գյուղմթերքի վերամշակմամբ զբաղվող ընկերությանը «Էրեբունի պլազայում» կրակ բացողը պատանդ է վերցրել մի տղայի ու պահանջել Վիկտոր Սողոմոնյանին՝ մանրամասներ. ՈԻՂԻՂ Աշխատող ուսանողների ուսման վարձը պետությունը կփոխանցի. օրենքի նախագիծ Տեսանյութ՝ որտեղ երևում է, թե ինչպես է ավտոմատով զինված անձը կրակոցներ արձակում Ոստիկանապետի ԺՊ-ն բանակցում է «Էրեբունի պլազայում» կրակ բացած անձի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ոստիկանապետի մեքենայով տարան կրակողին «Լուսավոր Հայաստան». Քաղաքական մեծամասնությունը միայն խորացրեց կոռուպցիայի վերաբերյալ կասկածները Վիկտոր Սողոմոնյանը՝ «Էրեբունի պլազայում» հնչած կրակոցների մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Պուտինը Հոլոքոստն անվանել է Իսրայելի և Ռուսաստանի ընդհանուր ողբերգությունը Ոստիկանապետն անձամբ է բանակցություններ վարում. Աշոտ Ահարոնյան Կրակոցներ՝ «Էրեբունի պլազայի» շենքում. Դեպքի վայրում է նաև ԱԱԾ տնօրենի ԺՊ-ն «Էրեբունի պլազայում» զինված անձի հետ բանակցությունները վարում է անձամբ ոստիկանապետի ԺՊ-ն. մանրամասներ Ի՞նչ է կատարվում Էրեբունի Պլազայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արա Վարդանյանը կմնա ազատության մեջ Էրեբունի պլազայում ավտոմատավորը պատանդ է վերցրել «Թրանսփարանսին» նման շաբաշներ է անում Հայաստանում իշխանությունը զավթած խմբակին, որովհետև իրենք նույնպես փայատեր են Ոստիկանության «սպեցնազը» ևս ժամանեց Էրեբունի պլազա Կրակոցներ՝ «Էրեբունի Պլազա» հյուրանոցում. ՈՒՂԻՂ Թիրախը եղել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Նախատեսվում է ՀՀ վարչապետի այցը Նիդերլանդներ. մանրամասներ ԱԳ նախարարների հանդիպումից Անհայտ անձն ավտոմատով ներխուժել է Էրեբունի պլազա բիզնես կենտրոն Կրակոցներ «Էրեբունի» պլազայում. ավտոմատներով ոստիկաններ ժամանեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հրապարակվել է իրականությանը չհամապատասխանող նյութ Դուք չեք հավատա, բայց ոստիկանությունում ԼԳԲՏ քարոզով զբաղվող սորոսական ՀԿ-ները դասընթացներ են իրականացնում. Մալյան Կոտայքի մարզի խորհրդի նիստը՝ ուղիղ Թուրքիայում հայկական եկեղեցին վերածվել է քաղաքային գրադարանի (տեսանյութ) Կարեն Խաչատրյանը գրավի դիմաց ազատ արձակվեց Չինաստանը կորոնավիրուսի համաճարակի էպիկենտրոն համարվող Ուհանի 11 մլն բնակչի արգելել է լքել քաղաքը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan