Քեսաբի ազատագրման կապակցությամբ Հայ Կաթողիկե եկեղեցում պատարագ կմատուցվի
Նմանատիպ
Քեսաբի Հայ Կաթողիկե Ս. Միքայել եկեղեցում հուլիսի 6-ին սուրբ պատարագ կմատուցվի: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Հայ Կաթողիկե եկեղեցու վարդապետ Նարեկ Լուիսյանի ֆեյսբուքյան էջից: Վարդապետն իր էջում նշել է, որ պատարագը կմատուցվի Քեսաբի ազատագրման և Ս. Գրիգոր Լուսավորչի Գյուտ նշխարաց տոնի առիթով: Պատարագի ավարտից հետո հոգեհանգստյան արարողություն կկատարվի Քեսաբի հայ և սիրիական բանակի’ գյուղաքաղաքի համար մարտերում զոհված բոլոր նահատակների համար:
Քեսաբը սիրիական բանակի կողմից ազատագրվել է հունիսի 15-ին, և բնակչության մեծ մասն արդեն վերադարձել է այնտեղ: Քեսաբի բոլոր հաստատությունները, տները և բնակարաններն, առանց բացառության, վնասներ են կրել: Դրանց որոշ մասն անբնակելի է, մի մասը հրկիզված, թալանված և կողոպտված է, մյուսները փոքր վնասներ են կրել:
Ավելի վաղ քեսաբահայ Կարո Մանճիկյանը նշել էր, որ քեսաբահայերն առաջիկա մի քանի օրերի ընթացքում նյութական օժանդակություն կստանան: Նրա խոսքով’ բնակիչների ցուցակներն արդեն պատրաստ են, և առաջիկա 4-5 օրերի ընթացքում կսկսվի օգնության բաշխումը բնակիչների անհրաժեշտ կարիքներ հոգալու համար:
Քեսաբի շրջանի վրա հարձակումն սկսվել է մարտի 21-ին’ Թուրքիայի սահմանի ութ կետերից: Հարձակումն իրականացրել էին «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները’ Թուրքիայի կառավարության անմիջական աջակցությամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում