Արամ Աթեշյանը մասնակցել է Դիրաբեքիրի հայկական եկեղեցում անցկացվող ամենամյա պատարագին

Արամ Աթեշյանը մասնակցել է Դիրաբեքիրի հայկական եկեղեցում անցկացվող ամենամյա պատարագին

Պոլսի Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հունիսի 29-ին մասնակցել է Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցում կազմակերպված պատարագին: Այս մասին տեղեկացնում է թուրքական Haberler.com-ը: Ամեն տարի մեկ անգամ կազմակերպվող պատարագին այս անգամ ներկա են գտնվել շուրջ 200 հայեր Թուրքիայի տարբեր քաղաքներից’ գլխավորապես Ստամբուլից: Վաղ առավոտյան ժամերից եկեղեցի եկող հայերը սկսել են մոմ վառել և աղոթել: Պատարագին մասնակցելու եկած Պոլսի Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը, նախքան կրոնական ծիսակատարությանը մասնակցելը, պատասխանել է լրագրողների հարցերին:

Հիշեցնելով, որ Սուրբ Կիրակոս եկեղեցին ամենամեծն է Մերձավոր Արևելքում, Աթեշյանը հայտնել է, որ պատարագը տեղի է ունենում ամեն տարի և դրան մասնակցում են Դիարբեքիրից աքսորված հայկական ընտանիքների երեխաները: Տեղեկացնելով, որ ավարտվել է եկեղեցու վերանորոգման և վերականգման աշխատանքների 95 տոկոսը’ Աթեշյանը այդուհանդերձ նշել է, որ եկեղեցին վերանորոգումից մնացած որոշ աշխատանքներ և պարտքեր դեռևս ունի: Փոխանորդն ընդգծել է, որ Սուրբ Կիրակոս եկեղեցին համաշխարհային ժառանգություն է, և անհրաժեշտ է, որպեսզի մշակույթի նախարարությունը իր աջակցություն ը ցուցաբերի:

Լրագրողներից մեկը Աթեշյանին հարցրել է, թե արդյոք պատարագի ժամանակ աղոթք կլինի թուրք-քրդական հաշտեցման գործընթացի համար, ինչին ի պատասխան փոխանորդն ասել է. «Մեր ցանկացած պատարագի ժամանակ այդ աղոթքն անում ենք: Այս գործընթացը միայն թուրք և քուրդ ժողովրդինը չէ, այս երկրում բնակվող բոլոր մարդկանցն է: Մեկի վիշտը բոլորիս վիշտն է: Մեկի ցավը բոլորիս ցավն է»,- ասել է Աթեշանը’ հավելելով, սակայն, որ թուրք-քրդական հաշտեցման գործընթացն ուղղակիրորեն հայերին չի առնչվում: Նա նշել է, որ հայերը ևս ունեն խնդիրներ, որոնց լուծման համար մեծ ջանքեր են գոր ծադրում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում