Հալեպում հայ կին է զոհվել

Հալեպում հայ կին է զոհվել

Հալեպում հայ է զոհվել: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Հալեպի տեղեկատվական գրասենյակից: Զոհվածը մայիսի 17-ին հայկական Նոր Գյուղ թաղամասում հրասանդների և հրթիռների պատճառով վիրավորված Նվարդ Մարգեյանն է, ով ստացած ծանր ցնցումների ազդեցությանը չդիմանալով՝ կնքել է իր մահկանացուն: Նվարդը նույն օրը փլատակների տակ հայտնաբերված Հարութ Մարգեյանի մայրն էր: Նրա հուղարկավորության արարողությունը տեղի կունենա այսօր՝ Հալեպի ժամանակով առավոտյան ժամը 10-ին, ս. Աստվածածին եկեղեցում:

Ավելի վաղ Նոր Գյուղում ընկած գազի տակառի պայթյունի հետեւանքով 5 հայ էին վիրավորվել՝ Ալիս Բոյաջյանը, Հայկանուշ Միրզոյանը, Դալար Միրզոյանը, Նվարդ Մարգեյանը և Անդրանիկ Մալաքյանը: Վիրավորները փոխադրվել են հիվանդանոց, նրանցից ոմանք համապատասխան օգնություն ստանալուց հետո արդեն դուրս են գրվել հիվանդանոցից: Տեղեկություններ էին ստացվել, որ Հալեպում թեթև վնասվածքներ էր ստացել Կարո Գույումջյանը:

Մայիսի սկզբից մինչև այժմ Հալեպում վիրավորվել են մոտ երեք տասնյակ հայեր: ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 130 հազարը: Զոհված հայերի թիվը մոտ է 100-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում