Պիկո Ռիվերայի ներկայացուցիչ. Բարեկամության հռչակման նպատակն է համագործակցել Քարվաճառի հետ

Պիկո Ռիվերայի ներկայացուցիչ. Բարեկամության հռչակման նպատակն է համագործակցել Քարվաճառի հետ

Օրեր առաջ Ամերիկայի Միացյալ Նահանգների Կալիֆորնիա նահանգի Պիկո Ռիվերա քաղաքի խորհուրդն ընդունել է բանաձեւ, որով քաղաքը ողջունում է Արցախի Հանրապետությունն ու դրա քաղաքացիներին: Նույն բանաձեւով նաեւ Արցախի Քարվաճառ քաղաքն ու Պիկո Ռիվերան հայտարարվում են «Բարեկամության քաղաքներ»: Այս մասին տեղեկանում ենք Ամերիկայում Հայկական Ազգային Կոմիտեի կողմից տարածած հաղորդագրությունից:

«Մենք հպարտ ենք Պիկո Ռիվերա քաղաքի ընդունած բանաձեւով: Մենք համոզված ենք, որ սա դառնալու է երկարատեւ եւ արդյունավետ համագործակցության սկիզբ եւկու քաղաքների միջեւ», ասել է Հայկական ազգային կոմիտեի գործադիր տնօրեն Էլեն Ասատրյանը:

Բանաձեւի քննարկումից եւ ընդունումից հետո խորհրդի բոլոր անդամները նշել են, որ իրենք չափազանց ուրախ էին այդ բանաձեւն ընդունելու համար, եւ այն Պիկո Ռիվերայի ու հայ համայնքի երկարատեւ համագործակցության շարունակությունն է:

Ընդունած բանաձեւի մասին Times.am-ը զրուցեց Պիկո Ռիվերա քաղաքի քաղաքապետի օգնական Ռայմոնդ Չավեսի հետ:

«Այս տարվա մարտի 25-ին Պիկո Ռիվերայի քաղաքային խորհրդի քույր քաղաքների կոմիտեն առաջարկ ստացավ Մեսրոբյան Հայկական դպրոցից Արցախի Քարվաճառ քաղաքի հետ բարեկամություն հռչակելու մասին:

Այս տարվա ապրիլի 14-ին Քույր քաղաքների կոմիտեն քննարկեց առաջարկն ու համաձայնեց Քարվաճառի հետ հռչակվել բարեկամության քաղաք», մեզ հետ զրույցում նշեց պարոն Չավեսը:
«Չնայած խորհրդանշական բնույթին, բարեկամության մասին բանաձեւը հնարավորություն է տալիս քաղաքներին համագործակցություն սկսել քաղաքային իշխանությունների մակարդակով: Այս բարեկամության հռչակման հիմնական նպատակն է շփման լայն ասպարեզ բացել Պիկո Ռիվերայի եւ Քարվաճառի միջեւ», հավելեց մեր զրուցակիցը:

Նա ընդգծեց նաեւ, որ Պիկո Ռիվերան երկար տարիների համագործակցության պատմություն ունի Մեսրոպյան հայկական դպրոցի հետ եւ քույր քաղաքների կոմիտեն պատրաստ է հետագայում եւս աշխատել Մեսրոպյան դպրոցի հետ’ իրականացնելով ծրագրեր:

Ծանոթացանք նաեւ բանաձեւին. դրա մեջ շեշտվում է Քարվաճառի եւ առհասարակ ամբողջ Արցախի կարեւորությունը հայ ժողովրդի համար: Բանաձեւի հեղինակները խոսում են Արցախի ու հատկապես Քարվաճառի բնակիչների կրած դժվարությունների մասին եւ խաղաղություն, բարգավաճում ու տեւական հաջողություն մաղթում Արցախի ժողովրդին:

Թամարա Գրիգորյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում