«Հայոց հողի վրա հայ է ապրելու». Քարվաճառում նշվեց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը

«Հայոց հողի վրա հայ է ապրելու». Քարվաճառում նշվեց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը

Ապրիլի 23-ի երեկոյան ԼՂՀ Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքում տեղի ունեցավ ավանդական դարձած ջահերով երթ: Երթին մասնակից Քարվաճառի բնակիչները քաղաքի ծայրից’ զորամասի տարածքից մոմերով շարժվեցին դեպի խաչքար: Երթի ավարտին նրանք իրենց հետ բերած եւ ամբողջ քաղաքը լուսավորած մոմերը զետեղեցին խաչքարի մոտ: Ջահերթի ընթացքում Քարվաճառի միջնակարգ դպրոցի աշակերտները բարձր պահած տանում էին հայոց եռագույնն ու վանկարկում «ճանաչում»:

Այսօր’ ապրիլի 24-ին, քաղաքի բնակչությունը, տեղական ղեկավարության ներկայացուցիչներ hավաքվեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ’ մեկ անգամ եւս հարգանքի տուրք մատուցելու Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ելույթով հանդես եկավ Քարվաճառի միջնակարգ դպրոցի ուսմասվար Անուշ Նալթակյանը: Նա խոսեց Հայոց ցեղասպանությունից, կատարեց կարճ պատմական ակնարկ: «Պայմանականորեն ապրիլի 24-ն է համարվում հայոց ցեղասպանության օրը, քանի որ 1915 թ. հենց այս օրը Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին 600 հայ մտավորականներ: Հայոց ցեղասպանությունը հրեական հոլոքոստի հետ աշխարհում ամենաշատ ուսումնասիրված ցեղասպանությունն է», իր խոսքում նշեց նա: Քարվաճառի դպրոցի նախաձեռնությամբ հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին փակցվեցին այն 45 երկրների անունները, որոնք ճանաչել են ցեղասպանությունը:

Այնուհետեւ դպրոցի աշակերտները ներկայացրին փոքրիկ միջոցառում’ նվիրված 1915 թ. մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Նրանք ասմունքնեցին հայ մեծերի գրած տողերն ու կատարեցին երգեր:

Դպրոցականները նախ ներկայացրին այն մեծ ողբերգությունը, որ ապրել է հայ ժողովուրդը 1915 թ. եւ շեշտեցին հայոց վերածննդի գաղափարը: «Հայն այսօր կա, եւ հայոց հողի վրա հայ է ապրելու», ամփոփեցին նրանք:

Նշենք, որ անցյալ տարի այս օրը, ապրիլի 24-ին Քարվաճառում բացվեց Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող, որի մոտ էլ այսօր հավաքվել էր քաղաքի բնակչությունը: Կոթողի հեղինակը Գագիկ Անտոնյանն է Վարդենիս քաղաքից: Կոթողի ստեղծմանն ու տեղադրմանն աջակցել են Քարվաճառի ներկայիս քաղաքապետ Ռոլանդ Այդինյանը, ինչպես նաեւ մի խումբ քարվաճառցիներ:

Ինչպես ավելի վաղ մեզ հետ զրույցում նշել էր կոթողի հեղինակը, հուշարձանի մեջ ամփոփված են մի շարք խորհրդանիշներ: Այսպես, բացված գրքի մի էջը պատմում է Հայոց Ցեղասպանության արհավիրքների ու հայ ժողովրդի դաժան պատմության մասին, մյուս էջում Արարատն է ու Նոյյան տապանը:

Խաչը մեր ազգի պահապան նշանն է’ վրան խոցված օձը: «Օձը մեր թշնամին է, եւ այն խոցվել է 1993-ի ապրիլի 3-ին, երբ ազատագրվել է Քարվաճառը», նշեց հեղինակը: Կոթողում ամփոփված է նաեւ հայոց կենաց ծառը’ վրան զանգակ: Վերջինս խորհրդանշում է հայ ժողովրդի ձայնը: Իսկ մեծ սուրը ներկայացնում է հայ ժողովրդի արդարացի պայքարն ու ինքնապաշտպանությունը:

Թամարա Գրիգորյան

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում