Դադիվանքում այս տարի եւս նշվեց «Ուրախ Զատիկ»-ը

Դադիվանքում այս տարի եւս նշվեց «Ուրախ Զատիկ»-ը

Ապրիլի 20-ին, կիրակի օրը, Արցախի Շահումյանի շրջանի Դադիվանք եկեղեցում նշվեց Սուրբ Հարության տոնը: Նման միջոցառում կազմակերպվում է արդեն երկրորդ տարին, ու այս տարի եւս արդեն ավանդական դարձող «Ուրախ Զատիկ» միջոցառումը կազմակերպել էր շրջանի Եղեգնուտ համայնքի բնակչուհի, տեղի դպրոցի ուսուցչուհի Մարիամ Փիլաֆյանը: Միջոցառման իրականացմանն աջակցել են ԼՂՀ Մշակույթի եւ երիտասարդության նախարարությունն ու Շահումյանի շրջանի վարչակազմը: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց միջոցառման կազմակերպիչը, Մշակույթի եւ երիտասարդության նախարարությունն աջակցել է ֆինանսապես, իսկ շրջանի վարչակազմն օգնել է կազմակերպչական հարցերով:

«Ուրախ Զատիկ 2014» միջոցառմանը ներկա էին շրջանի 16 համայնքներից 15-ի ներկայացուցիչները, ներկայացված չէր միայն Ակնաբերդ համայնքը: Բոլոր համայնքները պատրաստել էին զատկական տաղավարներ», մեզ հետ զրույցում պատմեց Մարիամ Փիլաֆյանը: Ներկա էին նաեւ հյուրեր Մարտակերտ քաղաքից ու Բերձորից, ինչպես նաեւ միջոցառմանը մասնակցում էին «Պարենք հայերեն» նախաձեռնության անդամները:

Միջոցառումն իր ողջույնի խոսքով բացեց Շահումյանի շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավար Պյոտր Հակոբյանը: Այնուհետ Քարվաճառի բնակիչ Ալեքսանդր Քանանյանը ներկաներին պատմեց Սուրբ Հարության տոնի մասին եւ ներկայացրեց օրվա խորհուրդը: Միջոցառումը շարունակվեց շարականների կատարմամբ, որին հաջորդեց տոնի գեղարվեստական մասը:

Այս տարի ելույթով հանդես եկան Շահումյանի շրջանի մշակույթի եւ երիտասարդության կենտրոնի պարի խմբի սաները, համարներ ներկայացրին Նոր Կարաչինար, Հավսաթաղ, Եղեգնուտ համայնքների մշակույթի ակումբները:

«Պարենք հայերեն» նախաձեռնության անդամները պարեցին ազգային պարեր, ինչպես նաեւ պարուսուցում կազմակերպեցին ներկաների համար:

Շահումյանի շրջանում չկա թատրոն, եւ շրջանի բնակիչների ու հատկապես երեխաների համար իսկական տոն էր Շուշիի Մկրտիչ Խանամիրյանի անվան դրամատիկական թատրոնի ելույթը, որը ներկայացրեց «Սասունցի Դավիթ» բեմադրությունը: Նշենք, որ նախորդ տարի Շուշիի թատրոնը կրկին Դադիվանքում տեղի ունեցած «Ուրախ Զատիկ» միջոցառման ժամանակ ներկայացրել էր տիկնիկային բեմադրություն:

Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաեւ հյուրասիրություն, մատուցվեցին Զատիկի տոնի ավանդական կերակուրներ’ կորկոտ, չամիչով փլավ, ձու, գաթաներ:

«Այս միջոցառման նպատակն է պահպանել մեր ազգային տոները, ինչպես նաեւ նման միջոցառումների միջոցով մոռացությունից փրկել մեր ազգային խաղերը, ազգային կերակուրներն ու սովորույթները», նշեց միջոցառման կազմակերպիչ Մարիամ Փիլաֆյանը:

Ամփոփելով իր խոսքը’ մեր զրուցակիցը ցավով նշեց, որ այս տարի եւս հոգեւոր տոնին նվիրված միջոցառումը Դադիվանքում անցավ առանց հոգեւորականի:

Թամարա Գրիգորյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում