Մեծ Եղեռնի 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Սամցխե-Ջավախքում

Մեծ Եղեռնի 99-րդ տարելիցին  նվիրված միջոցառումներ  Սամցխե-Ջավախքում

Մեծ Եղեռնի 99-րդ տարելիցի առիթով Սամցխե-Ջավախքում տեղի են ունենալու մի շարք միջոցառումներ:

Ասպինձայի շրջանի Դամալա գյուղում ապրիլի 22-ին տեղադրվելու է խաչքար-հուշակոթաղ նվիրված 1915թ. Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Նույն օրը USAID–ի ժողովրդավարության ներգրավվածության կենտրոնում Ախալցխայի Հայկական Երիտասարդական Կրթամշակութային Կենտրոնի նախաձեռնությամբ տեղի կունենա Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված ցուցահանդեսի բացման արարողություն:

Ապրիլի 23-ին 1915թ. Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացման համար մեծ հուշակոթող է կանգնեցվելու Նինոծմինդայում:

Ապրիլի 23-ին երեկոյան Ախալցխայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց տեղի կունենա ջահերով երթ, դեպի 1915թ. Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքար-հուշակոթող: Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին երկինք կբարձրացվեն վառվող մոմեր:

Ջահերով երթեր են տեղի ունենալու Ախալքալաքում եւ Նինոծմինդայում, ինչպես նաեւ Ջավախքի մի շարք գյուղերում: Ջահերով երթերը կազմակերպվելու են Զորի Զորյանի անվան երիտասարդական միության նախաձեռնությամբ:

Ապրիլի 24-ին սգո եւ բողոքի արարողություններ են տեղի ունենալու Ախալցխայում, Ախալքալաքում, Նինոծմինդայում եւ մի շարք այլ գյուղերում:

Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին ապրիլի 21-ին խաչքար-հուշակոթող է կանգնեցվելու նաեւ Թբիլիսիում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում