Ցույց ՄԱԿ-ի դիմաց Թեհրանում ՝ ի պաշտպանություն Քեսաբի

Ցույց ՄԱԿ-ի դիմաց Թեհրանում ՝ ի պաշտպանություն Քեսաբի

Ապրիլի 16-ի առավոտյան թեհրանահայ համայնքը ի պաշտպանություն սիրիահայերի Թեհրանի ՄԱԿ-ի գրասենյակի առաջ դուրս էր եկել բողոքի ցույցի, որով կրկին եկավ իր ձայնը միացնելու աշխարհասփյուռ հայության ցասումի ձայնին:

Պաստառներով եւ բարձրակոչ լոզունգներով ցուցարարների շարքում էին՝ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը, Հայ Կաթողիկե Եկեղեցու առաջնորդ Տ. Նշան արքեպիսկոպոս Գարաքեհեյանը, Իրանի Իսլամական խորհրդարանում հյուսիսային իրանահայության պատգամավոր դոկտոր Կարեն Խանլարյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վիգեն Բաղումյանը, «Ալիք» հաստատության ներկայացուցիչ Գեւիկ Մկրտչյանը, թեմի օրենսդիր եւ գործադիր մարմինների, ազգային իշխանությունների ու միությունների ներկայացուցիչներ:

Հանրահավաքը սկսվեց Իրանի Իսլամական Հանրապետության հիմնով, ապա իրավաբան Թալին Բանդարին պարսկերեն լեզվով ընթերցեց Քեսաբի հարձակման եւ դրան հաջորդող զարգացումների մասին պատմող հակիրճ հաղորդագրություն, որտեղ կոչ էր ուղղվում նաեւ դատապարտելու իրողությունը:

Թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանն էլ իր ելույթ-կոչում շեշտադրեց. «Թուրքիան սրանից 99 տարիներ առաջ նույն անմարդկային ոճրագործությունը իրագործեց երբ ավելի քան մեկուկես միլիոն հայերի սպանդի պատճառ եղավ:Եւ տակավին շարունակում է իր ցեղասպան կեցվածքը ցեղասպանության ուրացումով:Բայց թող ինքը եւ իր ժառանգորդները ու աշխարհի անարդար մարդիկ իմանան,որ հայ ժողովուրդը չէր ծնվել մեռնելու համար այլ ծնվել էր ապրելու համար եւ այսօր 99 տարին էր հետո Դեր Զորի անապատից ծնունդ առած մեր ժողովուրդը մեկ մարդու պես շարունակում է իր պայքարը:

Եւ այսօրվա մեր այս հավաքը սիրելիներ ուրիշ բան չէ եթե ոչ վկայությունը այն ճշմարտության,որ մենք իբրեւ քաղաքացիները Իրանի Իսլամական հանրապետության ամենինչ անում ենք,որպեսզի արդարությունը իր տեղը գտնի:Եւ այսօրվա այս հավաքը միջազգային հանգամանք ունեցող այս գրասենյակի դիմաց կոչ է նաեւ միջազգային կազմակերպությանը՝ՄԱԿ-ին,որպեսզի ինքը եւս հետամուտ լինի արդարության եւ ոչ թէ խամաճիկը դառնա Ամերիկայի եւ եւրոպական պետությունների:Մեր ակնկալիքն է, որ միջազգային ընտանիքը սթափվի եւ տեսնի պատմական ճշմարտությունները եւ ըստ այնմ կողմնորոշվի,որովհետեւ ժողովուրդների պատմությունը չի լինի կեղծիքի վրա հիմնել»:

Դոկտ. Կարեն Խանլարյանն էլ, որը ցուցարարների շարքում էր, իր խոսքում նշեց, որ.«Այսպիսով մենք ցանկանում ենք մեր բողոքը հայտնելՄԱԿ-ին եւ միջազգային ատյաններին այս ահաբեկչական խմբերի վայրագությունների հետ կապված:Միաժամանակ ցանկանում ենք մեր ժողովրդի,մեր համայնքի զորակցությունը հայտնել մեր սիրիահայ համայնքին եւ մեկ անգամ եւս հաստատագրել,որ եթե որեւէ մի վտանգ է սպառնում մեր ազգի որեւէ մի հատվածին, համայն հայությունը որպես մեկ ազգ,որպես մեկ կենդանի օրգանիզմ այս հարցերում լինում ենք պահանջատեր եւ միմիանց զորակցում ենք» :

Միանշանակորեն բոլոր ելույթ ունեցողները իրենց խոսքում դատապարտում էին Սիրիայում ծավալվող իրադարձությունները՝ հատկապես, երբ այն ուղղվում է հայ համայնքին

Քաղաքական փորձագետ Իսիկ Յունանեսյանը ընթերցեց վերջնագիրը եւ համահաւաքի ավարտին ցուցարարների անունից վերջնագիրը փոխանցվեց ՄԱԿ-ի ներկայացուցչություն:

Թեհրան՝«Ալիք»օրաթերթի լրագրող Արմինե Էլիազյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում