Վաշինգտոնում հայ քաղաքագետները դատապարտել են Ադրբեջանի հայատյացության քարոզչությունը

Սույն թվականի մարտի 19-ին’ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում’ Համաշխարհային քաղաքականության ինստիտուտում, տեղի ունեցավ Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի սեմինարը «Ոչ կինետիկ պատերազմը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում» խորագրով: Լեհական հետազոտությունների «Kosciuszko» կենտրոնի աջակցությամբ կազմակերպված այս միջոցառմանը ներկա են գտնվել դիվանագետներ, ակադեմիական, հետազոտական համայնքի ներկայացուցիչներ և միջազգային հարաբերությունների մասնագետներ, նրանց թվում նաև ամերիկացի համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքը:

Միջոցառմանը ելույթներով հանդես եկան ՔԶՀԿ նախագահ, քաղաքական գիտությունների թեկնածու Վահան Դիլանյանը և ՔԶՀԿ փոխնախագահ Վիլեն Խլղաթյանը:

Նախքան ելույթները, «Kosciuszko» կենտրոնի հետազոտող Փավել Սթուրնան համառոտ ակնարկ արեց Կովկասի պատմության վերաբերյալ’ սկսած Հայաստանի արարատյան թագավորությունից մինչև Հայաստանի վրա ազդեցություն ունենալու համար մղված պայքարը Հռոմեական/Բյուզանդական կայսրության և Սասանյան Պարսկաստանի միջև: Նրա եզրափակիչ դիտարկումները վերաբերում էին 1920-ականներին բոլշևիկների Անդրկովկաս մուտքգործմամբ:

Իր ելույթի սկզբում Վահան Դիլանյանը նշեց, որ վերջին զարգացումները Ղրիմի թերակղզու շուրջ կրկին ուղղորդել են մեր ուշադրությունը Եվրասիական տարածքում սառեցված հակամարտությունների, ազգայնականության և տեղեկատվական պատերազմի հարցերին: Անդրադառնալով սառեցված հակամարտությունների շարժունակ ռիսկերին’ նա մատնանշեց տեղեկատվության գործոնի կարևորությունը հակամարտությունների վերլուծության համար:

Ըստ նրա, Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում իրականացվող ոչ կինետիկ պատերազմը էապես տարբերվում է դրա համընդհանուր ընկալումից, քանի որ գործ ունենք ատելության քարոզչության, ռասիզմի և սպանության խթանման համակցության հետ: Հիշատակելով ադրբեջանցի արտահանձնված մարդասպանի փաստը և Բաքվի ռազմատենչ հռետորությունը’ նշեց, որ այդ ամենը ստեղծում են արմենոֆոբիայի տեղեկատվական մթնոլորտ:

«Ուստի, եթե երիտասարդությունը Հայաստանում և ԼՂՀ-ում որոշում է իր կարիերայի ուղին լավ կրթություն ունենալու միջոցով, ապա ի՞նչ պետք է ադրբեջանցի երիտասարդությունը մտածի, եթե տեսնում է’ մարդասպանին տալիս են հերոսի կոչում, նոր տիտղոս և պետության բարձրագույն աջակցություն»,-նշեց նա’ հավելելով. «համանման ռասիզմ էր քարոզվում Երրորդ Ռեյխի ժամանակ 1930-40-ականներին: Եվ մենք տեսանք, թե ինչի հանգեցրեց հակահրեական այդ քարոզչությունը»:

Ադրբեջանի տեղեկատվական քաղաքականության մյուս ասպեկտների շարքում Դիլանյանն առանձնացրեց փակ միջավայրի էությունը’ մատնանշելով ԱՄՆ Պետքարտուղարության վերջին զեկույցը և Ալիևի ռեժիմի կողմից դրանով պատերազմամետ հանրության հավաքագրման հանգամանքը: «Չնայած տեղեկատվական հոսքերի կերպափոխմանը և համացանցի ու սոցիալական ցանցերի աճող հասանելիությանը’ քաղաքական էլիտայի գերակայությունը ճանաչելի է տեղեկատվական հոսքերի ներքին և արտաքին ուղիների սահմանման գործում, քանի որ պետությունները դեռևս կառավարում են այդ խողովակները իրենց մանդատավորված տարածքներում»:

Մյուս ասպեկտը զոհի կերպարի ձևավորումն է’ փորձելով զարգացնել «բարոյական» հիմք Լեռնային Ղարաբաղի մեկ այլ պատերազմի համար: Նշելով Խոջալուի իրադարձությունների’ սեփական ձեռքերով սեփական բնակչության դեմ իրականացված ջարդի, խեղաթյուրման փորձերը’ նա նաև հիշատակեց վերջերս ադրբեջանցի ընտանիքի’ Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից հետապնդումների պատճառով Երևանից քաղաքական ապաստան խնդրելու փաստը:

Վերոհիշյալը հիմք է տալիս նրա մտահոգությանն առ այն, որ Ադրբեջանում քարոզվող ատելության մշակույթի իռացիոնալ ասպեկտները հանդիսանում են հիմք պաթոլոգիական դաժանության զարգացման համար, որը ահաբեկչության արմատներից է. նշեց նաև «grassroots» ջիհադիստների հնարավոր զարգացման մասին. ահաբեկիչներ, ովքեր պարտադիր չէ, որ ունենան ուղղակի կապեր ահաբեկչական կազմակերպությունների հետ, ինչպիսին է ալ-Քաիդան, բայց կիսեն գաղափարախոսությունը:

Անդրադառնալով խաղաղապահ առաքելություններում Հայաստանի արդյունավետ մասնակցությանը’ Դիլանյանը հիշատակեց Ադրբեջանում ահաբեկիչների ծնունդի ինստիտուցիոնալ հիշողությունը, որը գալիս է դեռևս արցախյան պատերազմի ընթացքում աֆղան մոջահեդների’ ադրբեջանական կողմում կռվելու ակունքներից:

Ելույթի վերջում Դիլանյանը խոսեց Ադրբեջանի’ տարածաշրջանի համընդհանուր կայունությանը և անվտանգությանը սպառնացող քաղաքականության մասին, մասնավորապես կարգավորմանն ուղղված հանդիպումներից առաջ և դրանց ժամանակ դիվերսիոն գործողությունների, խաղաղ բնակչության վրա կրակելու’ դրանով իսկ Ժնևի կոնվենցիաներով հաստատված մարդասիրական սկզբունքները, Հելսինկիի Եզրափակիչ Ակտի ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը ցինիկաբար խախտելու մասին:

Այնուհետև հայտարարեց, որ միջազգային հանրության և մասնավորապես ԵԱՀԿ-ի’ կեղծ հավասարության սկզբունքի պահպանումը և բաց տեքստով չտապատարտումը «երես է տալիս» Բաքվին’ վտանգելով փխրուն կայունությունը: «Հենց այնպես, ինչպես աֆղան մոջահեդները, որ Աֆղանստանում սովետական պատերազմին ժամանակ հովանավորվում էին ԱՄՆ կողմից’ խթանելով նրանց ջիհադը աթեիստ կոմունիստների դեմ, տասնամյակներ անց հարվածեցին ԱՄՆ-ին 9/11-ին, նույնկերպ ներկայումս հովանավորվող տարրերը կարող են դառնալ նոր ահաբեկչական հարձակումների հեղինակներ»,-նշեց նա:

ՔԶՀԿ փոխնախագահ Վիլեն Խլղաթյանն իր ելույթի սկզբում անդրադարձավ ղարաբաղյան հակամարտության պատմական, քաղաքական, իրավական և սոցիոմշակութային ակունքներին: Ոչ կինետիկ պատերազմի էության քննարկման համատեքստում Խլղաթյանն առանձնացրեց դրա տեղեկատվական, քաղաքական և հոգեբանական կողմերը, ըստ որի ներկայացրեց հակամարտող կողմերի իրականացվող համապատասխան քաղաքականությունների գործնական օրինակները:

Խոսելով Ադրբեջանի «սաֆարովյան» կերպարի մասին’ նա մատնանշեց Ալիևի ռեժիմի կողմի ֆինանսական ռեսուրսների ծախսման փաստը: Այս համատեքստում նաև հիշատակեց Ալիևի արձանների հիմնադրումները տարբեր քաղաքներում, ԱՄՆ նահանգներում Խոջալուի իրադարձությունների վերաբերյալ կեղծ բանաձևերի առաջքաշումը և տարբեր ուղեղային կենտրոններում և լրատվական հարթակներում իրականացվող վիթխարի ֆինանսական քաղաքականությունը:

Խոջալուի առնչությամբ Խլղաթյանն, ի թիվս այլ փաստարկների, հիշատակեց Ադրբեջանի առաջին նախագահ Մութալիբովի տեսակետն այդ առնչությամբ. պայմանավորված իր հրաժարականով: Ավելին, ներկաներին ներկայացվեց Ադրբեջանի կառավարության կողմից ցուցադրվող այսպես կոչված «Խոջալուի զոհերի» նկարների կեղծ լինելը. դրանք ծագումով Կոսովոյից, Գազայից և Թուրքիայից են:

Խոսելով «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսի մասին’ Խլղաթյանը նշեց, որ պան-թուրքական ռազմավարական ծրագիրը դեռևս արդիական է, քանի դեռ շարունակվում է Հայաստանի նկատմամբ թուրք-ադրբեջանական համատեղ շրջափակումը և նրանց թշնամական քաղաքականությունը Հայաստանի և հայկական Սփյուռքի դեմ:

Որպես պատերազմամետ վարքագծի տրամաբանական շարունակություն’ Խլղաթյանն առանձնացրեց ռազմական բյուջի աննախադեպ աճը’ դա դիտարկելով որպես բանակցությունների սեղանին դիրքերի ամրապնդման փորձ: Այդուամենայնիվ, այս քաղաքականությունը ձախողվել է, որովհետև դա միայն մեծացրել է Հայաստանի զգոնությունը և որովհետև Ռուսաստանն օգնել է Հայաստանին’ պահպանելու ուժերի միջև հավասարակշռություն:

Հայկական կողմի ոչ կինետիկ պատերազմի օրինակների շարքում Խլղաթյանը նշեց հայկական, այլ ոչ թե թուրքական կամ սովետական ծագում ունեցող աշխարհագրական տերմինների կիրառման փաստը, ադրբեջանցիներին թուրքերի հետ ասոցացնելը, թալիշերեն ռադիոհաղորդումների փաստը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում