Քարվաճառի բուժքույրերը. նրանց ընդունած առաջին ծնունդները Քարվաճառի այժմյան դպրոցականներն են

Ռիմա Չիլինգարյանն իր ընտանիքի հետ Արցախի Քարվաճառ քաղաքում է ապրում 1999 թվականից: Հիվանդանոցում սկսել է աշխատել 2000 թվականի փետրվար ամսից: «Դրանից առաջ էլ աշխատել եմ ժողովրդի հետ: Ես առաջին բուժաշխատողն էի մինչեւ 2000 թ. հունիս ամիսը: Հունիսի 14-ին Քարվաճառում առաջին բժիշկն ընդունվեց աշխատանքի: 2000 թ. ճիշտ է, դեռ հիվանդանոցի շենքը չկար, նախկին քաղաքապետարանի շենքում էինք աշխատում: Ներկայիս շենքում հիվանդանոցն սկսել է գործել 2001 թվականից», հիշում է տիկին Ռիման:

Հիշում է նաեւ Քարվաճառում իր ընդունած առաջին ծնունդը:

«Առաջին ծնունդը, որ ընդունել եմ, Հայաստանն է եղել, հիմա մեծ աղջիկ է, դպրոց է գնում: Այդ ժամանակ դեռ հիվանդանոց չկար, տներում էինք ծնունդ ընդունում, գյուղեր էինք գնում, օգնում էինք կանանց: Դժվար ծննդաբերությունների դեպքում ուղարկում էինք Վարդենիս, Ստեփանակերտ»:

Մասնագիտությամբ մանկաբարձուհի տիկին Ռիման հարկ եղած դեպքում նաեւ պատվաստումներ է արել, օգնել տարբեր հիվանդների, մինեւ որ տարիների ընթացքում աշխատանքի են ընդունվել նոր բուժաշխատողներ:

Առաջին տարիների հետ համեմատած բուժսպասարկման մակարդակը Քարվաճառում բարելավվել է, փաստում է քաղաքի առաջին բուժաշխատողը: Ամենակարեւոր ձեռքբերումը նա համարում է հիվանդանոցի լաբորատորիան, ինչը հնարավորություն է տալիս տեղում անալիզներ վերցնել եւ ախտորոշում կատարել: «Տարբերությունը հիմա շատ մեծ է, այն ժամանակ, կարելի է ասել, օդում ծնունդ էինք ընդունում, հղի կանանց խնդիրների մասին չէինք կարողանում տեղեկանալ: Բայց հիմա էլ մեր հիվանդանոցին գինեկոլոգ է անհրաժեշտ, քանի որ հիմա գինեկոլոգ չունենք, ծնունդների թիվը մեր մոտ պակասել է: Շատ լավ բժշկուհի էր աշխատում, Արփինե Դավթյանը, բայց ինքն ամիսներ առաջ գնաց Քարվաճառից», ասում է մանկաբարձուհին ու հավելում, որ չնայած հիվանդանոցում գինեկոլոգ չկա, բայց աշխատում է շատ փորձառու մանկաբույժ Ստեփան Սարգսյանը: «Առանց բժիշկ Սարգսյանի մենք երբեք ծնունդ չենք ընդունում, 2002 թ. ինքը հիվանդանոցում է աշխատում, եւ անպայման այստեղ ծնված բոլոր երեխաների առաջին ճիչը նրա ձեռքերում են լսվում»:

Բուժակ լաբորանտ, ֆիզիոթերապիայի բուժքույր Գայանե Սարգսյանը Քարվաճառի հիվանդանոցում է աշխատում 2005 թ. ապրիլից:

«Մեր կոլեկտիվում շատ տարբեր տեղերից եկած մարդիկ են աշխատում, եւ մեզ համար կարեւոր է, որ բոլորս իրար հասկանում ենք, հարգում եւ օգնում ենք: Մանավանդ մեր պայմաններում հիվանդանոցի աշխատանքը հեշտ չի, եւ առանց իրար օգնելու չենք կարող»:

Տիկին Գայանեն եւս համոզված է, որ հիվանդանոցին մասնագետներ են անհրաժեշտ: «Շատ լավ կլինի, եթե որակավորված մասնագետներ գան, համալրվի մեր հիվանդանոցը», ասում է նա:

«Քարվաճառ տեղափոխված կանանց համար շատ դժվարություններ կան, բայց նրանք հերոսաբար հաղթահարում են: Թող էլի մարդիկ գան, բնակեցվի մեր ազատագրված հողը, քանի որ մենք այս հողից ոչ մի թիզ ոչ մեկին չենք տալու», ամփոփում է բուժքույրը:

Նշենք, որ 2013-ին Քարվաճառի հիվանդանոցում ծնվել է 12 երեխա, իսկ այս տարի’ դեռեւս մեկ երեխա:

Թամարա Գրիգորյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում