Միջազգային հանրությունն ու մեր Արցախը

Հունվարի 19-ի գիշերը ադրբեջանցիների դիվերսիոն խումբը փորձեց ներթափանցել սահմանից այս կողմ: Կներթափանցեր, եթե մեր տղերքը թողնեին: Չթողեցին. Արմեն Հովհաննիսյանը’ կյանքի գնով: Փառք քեզ, հերոս, հավերժ հիշատակ:

Սա ոչ առաջին, ոչ էլ, ցավոք, վերջին դիվերսիան է թշնամու կողմից:
Նրանք միշտ փորձելու են զավթել մեր հողը, ավերել մեր եկեղեցին, մեր խաչքարից իրենց համար բնակելի տներ կառուցել:

Դա այդպես է, դարերը’ մեզ ապացույց:

Դիվերսիայից հետո ԱՄՆ պետդեպարտամենտում ամենօրյա ճեպազրույցի ընթացքում հարց է տրվել նաեւ ադրբեջանական սադրանքի վերաբերյալ: ԱՄՆ պաշտոնյան, ինչպես միշտ, ընդհանուր հայտարարություն է արել, որ պետք չէ բռնություն կիրառել, պետք է փորձել հարցը խաղաղ ձեուվ լուծել:
Իհարկե, մենք չենք հասկանում, որ բռնությունն ու կրակոցները վատ բան են, եւ բարի ամերիկացիները չեն զլանում մեզ ամեն անգամ ժպիտով բացատրել այդ մասին: Ու մենք էլ լսում ենք ու գլխով անում: Իսկ հետո նորից Ադրբեջանը խախտում է հրադադարն ու նորից ամերիկացիները (ինչու՞ չէ, նաեւ ռուսները, ֆրանսիացիները, շվեյցարացիները, մի խոսքով, բոլոր նրանք, ովքեր չեն ալարում), ասում են, որ ուժ կիրառելը վատ բան է, որ «կողմերը» պետք է սովորեն հարցերը քաղաքակիրթ ձեւով լուծել:

Շնորհակալություն, միջազգային հանրություն, բայց սա մեր գոյության պայքարն է: Զարմանալի չէ, ավելի, բնական է, որ մեր Արմենի, Մանվելի, Գուրգենի ու այս պահին սահմանում կանգնած յուրաքանչյուր զինվորի համար հայի սիրտն է ցավում, իսկ օտարերկրացու համար տարբերություն չկա, թե մահացածը հայ է, թե ադրբեջանցի:

Սա մեր պայքարն է, մեր գոյության կռիվը:

Քարվաճառում 200 տարուց ավել մուսուլման տարբեր ցեղեր են ապրել: Քայլեք ազատագրված Քարվաճառով ու շրջանի գյուղերով, խոսեք բնակիչների հետ եւ կտեսնեք, թե քանի հոգի է ավերակների միջից խաչքար գտելմ որն օգտագործված է եղել որպես շինանյութ, քանի եկեղեցի է ավերվել ու հիմնահատակ կործանվել… Թուրքը վերցնելով հայի հողը’ ջնջնում է հայկականությունն այնտեղից, քանզի հայն իր կենսական թշնամին է:

Օտարերկրացին սրանից ի՞նչ կարող է հասկանալ. սա մեր գոյության պայքարն է:

Արցախյան հարցի լուծման մեջ մեզ ոչ ոք չի կարող օգնել, քանզի ապրելու իրավունքն ինքնուրույն են վաստակում, կամ’ չեն վաստակում: Ապրելու իրավունք ունենալու համար պետք է ուժեղ լինել: Արցախյան հարցը մի լուծում ունի’ վերաբնակեցնել ազատագրված հայրենիքը, ամրացնել Արցախը, իսկապես ամրացնել…

Արցախյան հարցն ինձ համար լուծված է. ես ապրում եմ Քարվաճառում:

Թամարա Գրիգորյան 

Հետևեք մեզ նաև Telegram-ում