Քարվաճառին եկեղեցի է անհրաժեշտ

Հայկական ազատագրված Քարվաճառը դանդաղ, բայց զարգանում է: Պատերազմին հաջորդած քսան տարիների ընթացքում քաղաքում կառուցվել են ինչպես սահմանափակ քանակությամբ բնակելի տներ, այնպես էլ առաջին անհրաժեշտության հաստատությունները’ հիվանդանոց, դպրոց… Այսօր Քարվաճառում կա նաեւ մշակույթի տուն, ոստիկանության շենք, բանկ… Սակայն չկա մի կառույց, առանց որի հայկական բնակավայր պատկերացնելը դժվար է: Քարվաճառում չկա եկեղեցի:

Հին Քարվաճառի եկեղեցու մասին մատենագրային որեւէ հիշատակություն չկա: Սակայն գոյություն ունեցող մի շարք փաստեր թույլ են տալիս ենթադրելու, որ հին Քարվաճառի եկեղեցին եղել է այն նույն վայրում, որտեղ հետագայում տարածք ներթափանցած ադրբեջանցիները թանգարան են կառուցել: Նախ, այդ տարածքը գտնվում է ձորաբերանին, իսկ հայ եկեղեցաշինության մեջ ձորի մոտ եկեղեցի կառուցելու ավանդույթ կա: Երկրորդ, այս տարածքը գտնվում է հենց այն վայրում, որտեղ եւ եղել է հին հայաբնակ Քարվաճառ ավանը մինչեւ գրավվելն ու հայաթափվելը: Եւ վերջապես, եկեղեցու մասին հիշատակություն են թողել մարտակերտցի եւ վարդենիսցի ավագ սերնդի ներկայացուցիչները, ովքեր խորհրդային տարիներին այցելել են Քարվաճառ: Ըստ նրանց, եկեղեցին հիմնահատակ կործանվել է 1960-ականներին: Նրանք նաեւ մի ժողովրդական զրույց են պատմել եկեղեցին քանդելու մասին, որի հավաստիությունը, բնականաբար, հայտնի չէ:

Ըստ զրույցի, Քարվաճառում ապրող թուրքերը նախապաշարմունք են ունեցել եւ վախեցել են քանդել եկեղեցին: Ոչ ոք չի համարձակվել նստել բուլդոզերի ղեկին: Եւ ահա մի հոգի մոտեցել է ու ասել, որ ինքը չի վախենում, եւ կքանդի եկեղեցին: Նա նստել է բուլդոզերի ղեկին եւ հիմնահատակ ավելել է հայկական եկեղեցին: Այնուհետ, աշխատանքն ավարտելուց հետո նրանք ձորի մոտ ոչխար են մորթել ու խորոված կերել: Այդ ժամանակ սաստիկ անձրեւ է սկսվել, եւ մարդիկ փորձել են պատսպարվել ժայռի տակ: Ըստ ժողովրդական այս պատմության, հայկական եկեղեցին քանդողը կանգնել է մի ժայռի տակ, որը քանդվել է, եւ թուրքը տեղում մահացել է:

Քարվաճառն այսօր ազատ է, եւ այնտեղ հայեր են ապրում, սակայն տարածքում այս քսան տարիների ընթացքում եկեղեցի չի կառուցվել: Եկեղեցու ենթադրյալ վայրում այժմ ադրբեջանական թանգարանի ավերակներն են:

Քարվաճառի քաղաքապետ Ռոլանդ Այդինյանը շատ է կարեւորում Քարվաճառում եկեղեցի ունենալու հարցը: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց պարոն Այդինյանը, մոսկվայաբնակ բարերարներ այժմ եկեղեցի են կառուցում Իջեւանում, որի չափերը եւ արտաքին տեսքը շատ կհամապատասխանեին Քարվաճառին: «Ըստ հաշվարկների, այդպիսի մի եկեղեցի ունենալու համար մեզ կպահանջվի 80.000 ԱՄՆ դոլար», նշեց Քարվաճառի քաղաքապետը:

Ռ. Այդինյանի խոսքով, ինքը հարցը դեռեւս չի հստակեցրել Պարգեւ Սրբազանի հետ, սակայն տեղյակ է, որ Սրբազանն իր այցելություններից մեկի ժամանակ Քարվաճառում եկեղեցու երկու տեղ է նշել. կա´մ քաղաքի մուտքի հատվածը, որտեղ այժմ խաչքար կա տեղադրված, կամ էլ’ վերը նշված տարածքը, որտեղ այժմ ադրբեջանական թանգարանի ավերակներն են:

Քաղաքապետի խոսքով, եկող տարվա սկզբից հետո կսկսի գործել «Շահումյանի բարգավաճման» ֆոնդը, որի ծրագրերում անպայման կլինի նաեւ եկեղեցու կառուցման համար գումար հայթայթելը:
Եկեղեցու կառուցումից հետո Քարվաճառում կբնակվի հոգեւորական: Քաղաքապետի խոսքով, այդ հարցում թերեւս կաջակցի նաեւ Մայր Աթոռը:

Իսկ Քարվաճառի բնակիչները եկեղեցու կարիք զգում են: Այդ է վկայում ենթադրաբար հին եկեղեցուց մնացած մասունքներով պատրաստած սրբատեղին, որտեղ մարդիկ մոմ են վառում: Մի քանի կոտրած խաչքար, մի փոքրիկ սրբապատկեր, Նոր Կտակարան ու մի քանի վառված մոմն ավերակների ֆոնին իսկապես հուզիչ են:

Այսօր եկեղեցիներ կառուցվում են Հայաստանի տարբեր քաղաքներում ու գյուղերում, այնպիսի վայրերում, որտեղ նոր կառուցվող եկեղեցին արդեն երրորդն է, չորրորդը, հինգերորդը… Իսկ Քարվաճառին այսօր մի եկեղեցի անհրաժեշտ է:

Պատմական վայրում եկեղեցի կառուցելով’ տարածքը կմաքրվի ադրբեջանական թանգարանի մնացորդներից ու վերստին կդառնա հայոց սրբատեղի:

Տա Աստված, որ ամեն առավոտ ու երեկո ղողանջների ներքո հայկական քաղաքն ավերակներից վեր հառնի մաքրագործված ու նոր:

Քարվաճառցիների անունից դիմում ենք բոլոր հայերին’ Հայաստանում եւ Հայաստանից դուրս ապրող. նվիրատվությամբ աջակցենք Քարվաճառում եկեղեցի կառուցելու սրբազան գործին:

Թամարա Գրիգորյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում