Նամակներ օտարությունից… Սիրենք ՄԵՐ Երկիրը, սիրենք ՄԵՐ տեսակը, պահպանենք ինքներս մեզ

Նամակներ օտարությունից… Սիրենք ՄԵՐ Երկիրը, սիրենք ՄԵՐ տեսակը, պահպանենք ինքներս մեզ

Սուտ կլինի ասել, թե չեմ կարոտում… չնայած դեռ երկրորդ ամիսն էլ չի ավարտվել ինչ այստեղ եմ: Օտարության մեջ զգացմունքներն ավելի են սրվում, և երկրի, ազգի հասցեին ասված ամեն մի խոսք, ավելի խոր հետք է թողնում:

Հայրենիք կոչվածն զուտ հողակտոր չէ: Այստեղ կան շատ հայեր: Կան ազգասեր, կան գլոբալիստներ, կան … բայց բոլորին միավորում է Հայրենիքն ու ծագումը: Կան երիտասարդներ, որոնք հայերեն գրել և կարդալ չգիտեն և խնդրում են’ իրենց սովորեցել գրելն ու կարդալը: Կան նաև այնպիսիք, ովքեր դժվարությամբ են հասկանում հայերեն: Բայց բոլորիս մեջ էլ մի ընդհանուր գիծ կա’ Հայ լինելը, Հայաստանը: Վերջ ի վերջո մեզ բոլորիս կապողն, ըստ էության, հենց հայրենիքն ու հայն է: Եվ ինչքան շատ առիթ ունի մարդ հպարտանալու իր ազգով և իր երկրով, այնքան սրվում է նրա ցանկությունն ընդգծելու իր ծագումը: Մեզ այսօր ուժեղ Հայաստան է պետք: Շատերից կարող ենք լսել, թե ինչու ե՞ք այդքան շեշտում մեր անցյալն ու ապրում անցյալով, երբ ներկայումս, չկա այդ հզոր անցյալն ու հզոր երկիրը:

Խնդիրն ավելի խորքային է, քան ընդամենն անցյալի հիշատակումը կամ անցյալով ապրելը: Մեր նորօրյա պատմության մեջ քանի՞ սերունդ է կրթվել ստորադասության գիտակցմամբ, խեղճի, տուժածի, քցողի կամ խաբվածի բարդույթով… Շուրջ բոլորն ամենուր գործով կամ խոսքով կտեսնեք մարդկանց’ որոնք ամեն կերպ փորձում են ներշնչել հայի ստորակարգ լինելը, անգամ հային ստրուկ անվանողներ կգտնեք: Ջանք ու եռանդ չեն խնայում ոմանք’ փնովելու երկիրը և նողկանք առաջացնելու, թե երկրի և թե ազգի ու սեփական տեսակի հանդեպ…

Եւ ասացեք խնդրեմ, այդ ամենից հետո, դրանով սնվող երիտասարդն այլևս կցանկանա՞ լինել տվյալ ազգի ժառանգորդը, երկրի տերը և շենացնողը…

Երիտադարությանը պետք է կրթել չափանիշով: Չափանիշը մեր անցած ուղին է և մեր ունեցած փառքը, որը որպես ուղեցույց պիտի մատնանշի մեր զարգացման ճամփան և նպատակները (ի վերջո զարգացումն էլ ինքնանպատակ չէ և, ուղղություն և իր առջև դրված խնդիրներ ունի, և տնտեսական’ իմա նյութական, զարգացումը պետք չէ ամենևին նպատակ համարել, քանզի միջոցը երբեք և երբեք չի կարող լինել նպատակ…): Դա զուտ անցյալով ապրել և ներկան արհամարել չէ: Դա սերունդի դաստիարակություն է, սերունդ, որը լավատեսորեն և հպարտությամբ է լցված իր տեսակի և հայրենիքի հանդեպ: Նման սերունդն է, որ պատրաստ է ծառայել այդ հայրենիքին և ազգին:

Մենք պետք է հասկանանք, որ «կարծրատիպ կոտրել» արտահայտությունը, որը բավականին լայն կիրառություն է գտել ներկայումս, պետք է կիրառել, ոչ թե ավանդականության, այլ ազգը, հայրենիքը և դարերի ընթացքում կուտակած կենսափորձը փնովողների դեմ, որ ձերբազատվեն սեփականը ճանաչելու, գնահատելու և սիրելու վախերից: Որ ի վիճակի լինեն «ներկան» որպես ներկա ընդունելուն զուգահեռ տեսնել, գնահատել և սիրել անցած ուղին և ապագան կառուցելիս, ոչ թե օտարի, այլ նախ և առաջ սեփական ազգի և հայրենիքի անցած ուղին ունենան որպես չափանիշ: Բարդույթն իրականում սեփական անցյալից խորշելն է և ոչ թե անցյալով ապրելը’ ինչպես դա փորձում են որակավորել ոմանք: Անցյալը ուղին է’ արմատը, որից սնունդ պիտի առնենք, ներկան’ անցողիկ: Ապագան է մերը, ապագան, որը կառուցելու համար նախ պետք է սիրենք ունեցածը: Իսկ ունեցածը սիրելու համար պետք է ճանաչենք այն: Ճանաչենք, ոչ միայն այն «թշվառ» տեսքով, որը փորձում են բազմիցս մատուցել, այլ իր ողջ էությամբ: Ամեն ինչ, իրականում, այդքան սարսափելի չէ, որքան փորձ է արվում ներկայացնել ոմանց կողմից:

Սարսափելին չարությունն է’ որ պատել է շուրջ բոլորը: Չարության և ատելության այս մրցավազքում հաղթողներ չեն լինի, բոլորս կպարտվենք: Ավելին, ի սկզբանէ պարտված ենք, եթե բռնել ենք այդ ուղին:

Պատահական չէ ասված’ հույսը վերջինն է մեռնում:

Հույս, Հավատ և Սէր, այս շարքում հետադարձ հաջորդականությամբ է մարդ կորցնում ունեցածը: Երբ մարդ դադարում է սիրելուց, մնում է հավատը, երբ դադարում է հավատալ’ մնում է հույսը: Հույսից խոսող մարդը, վաղուց արդեն դադարել է սիրել… Հայրենիքը, ազգը չսիրող մարդն է հուսալքվում և/կամ վերջին հույսից խոսում…

Իսկ թե ինչ ուժեր և համակարգեր են աշխատում միայն նրա համար, որ հայը դադարի սիրել իր տեսակը, իր հայրենիքը և ազգը… դժվար չէ պատկերացնել, թերթեք ամենօրյա մամուլը, նայեք ձեր շուրջը… լսեք քաղաքական տարբեր գործիչների և արվեստի մշակույթի գործիչ անվան տակ բեմ ելնող խեղկատակներին… այլասերությունն’ համարձակություն և անբարոյականությունն’ ազատություն անվան տակ ներկայացնող տենդենցը վկա’… այսպես շարունակվել չի կարող…

…Չի կարող, քանզի ես գիտեմ Հայրենիքը, Երկիրը և Ազգը սիրող բազմաթիվ մարդկանց… իսկ սիրել’ նախ և առաջ նշանակում է զոհաբերելու, զոհաբերվելու պատրաստակամություն…
Եւ ինչպես մեր ծնողներն են զոհաբերում իրենց կյանքը, երիտասարդությունը, ժամանակը հանուն մեզ, քանի որ մենք ենք ըստ էության նրանց տեսակի շարունակությունը, նրանց կյանքի իմաստը և գոյության առհավատչյան, այդպես և հայրենիքն և ազգը սիրողն է նվիրվում իր երկրի շենացմանը և ազգի կատարելագործմանը… և մեզնից յուրաքանչյուրը դա պարտավոր է անել նախ ինքնակատարելագործման և իր ամեն գործողության մեջ ազգային և պետական շահի գիտակցումն ունենալով’ որպես գերագույն նպատակ…

Մեր կյանքը նախքան մեզ պատկանելը պատկանում է մեր նախնիներին, որոնցից ո՞վ գիտէ’ քանիսն են զոհել այն’ տակավին երիտասարդ, որպեսզի մենք այսօր լինենք, և լինենք’ ոչ ստորքաշ, այլ’ հպարտ ճակատով և հաղթողի պսակով’Վարդանանքն ու Արցախը վկա: Մեզնից առաջ իրենց զոհածները, սակայն, չեն սահմանափակվել մեզնով, մենք վերջին սերունդը չենք մենք վերջնական նպատակը չենք, քանի որ տեսակի կատարելագործումն հավերժական պրոցես է, իսկ մենք, տակավին’ ոչ կատարյալ, և ուրեմն, մեր կյանքը, նրանց պատկանելուց զատ պատկանում է և մեր սերունդներին: Մեր սերունդներին’ որոնց համար մենք ենք արդեն պարտավոր զոհողությունների… Եվ նոր միայն մեզ է պատկանում մեր կյանքը… և մեր լինելությունը, և… առո՛ղջ լինելիությունն էլ դարձյալ պարզագույն էգոիզմի դրսևորում չպետք է լինի, այլ’ առողջ սերունդ ունենալու գիտակցություն…

Եվ ուրեմն, եկեք սիրենք ՄԵՐ Երկիրը, սիրենք ՄԵՐ Ազգը… սիրենք ՄԵՐ տեսակը… պահպանենք ինքներս մեզ’ մեր լինելիության համար, միևնույն ժամանակ’ պատրաստ լինենք զոհել ինքներս մեզ’ մեր սերունդների համար: Պետք չէ վերջին հույսով սպասել, պետք չէ հավատով ակնկալել… պետք է պարզապես սիրել և գործել… դա թե՛ հավատ է, և թե՛ հույս… Որովհետև սիրել’ նշանակում է և գործել… իսկ գործել’ նշանակում է և ապրել… Ապրել նշանակում է հավերժական կատարելագործում’ դեպի Աստվածայինը…

Եվ ուրեմն Փառք Արարչին, Փառք Հայաստանին, Փառք Հային… Կանք, պիտի լինենք ու դեռ շատանանք…

Զաքար ԽՈՋԱԲԱՂՅԱՆ
ք. Յարոսլավլ

Հետևեք մեզ նաև Telegram-ում