Ջավախքում դասագրքերի հարցում առաջընթաց կա

Երկու ամիս անց վերջապես ավարտվեց Հայաստանի և Վրաստանի ԿԳ նախարարությունների միջև նամակագրությունը: Երկուստեք խոստանում են, որ մեկ շաբաթ անց Հայոց լեզվի և գրականության դասագրքերը կհասնեն Վրաստանի հայկական դպրոցների աշակերտներին: Այս մասին տեղեկացնում է Հարավայի դարպասը:

Սեպտեմբերի 16-ից մինչ օրս Վրաստանի հայկական դպրոցների հազարավոր աշակերտներ ստիպված են քրքրված, հնամաշ գրքերով սովորել մայրենի լեզուն և գրականությունը:

Այսօր «Հարավային Դարպասը» հեռախոսազրույց ունեցավ երկու նախարարությունների համապատասխան աշխատակիցների հետ: Վրաստանի ԿԳ նախարարության աշխատակիցը հավաստիացրեց, որ իրենց կողմից ամեն ինչ կարգավորած է: Մնացել է, որ գործի ՀՀ ԿԳ նախարարությունը:

Իսկ ՀՀ ԿԳ նախարարությունից խոստացան, որ մեկ շաբաթից 14700 կտոր գիրք և գրականությունը, ինչպես նաև դպրոցական գույքը կհասնի Ջավախք:

«Առաջընթաց ունենք, երեկ երեկոյան Վրաստանի ԿԳ նախարարությունից ստացել ենք անհրաժեշտ թույլտվությունը էլեկտրոնային նամակի տեսքով: Հիմա մեզանից պահանջվում է բեռնափոխադրող ընկերության հետ պայմանագիր կնքել և համապատասխան մաքսային ձևակերպուներ անել: Մոտավոր մեկ շաբաթից արդեն գրքերը կհասնեն Ջավախք»,- ասաց ՀՀ ԿԳ նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության Սփյուռքի բաժնի պետ Նունե Վարդանյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում