Ախալքալաքի հայկական երիտասարդական կենտրոնում իրականացվում է դիմորդների վերապատրաստման ծրագիր

57 ապագա դիմորդ շաբաթ և կիրակի օրերը Երիտասարդական կենտրոնում լրացուցիչ պարապում են 9 առարկա՝ Հայոց լեզու և գրականություն, վրացերեն, անգլերեն, կենսաբանություն, քիմիա, ֆիզիկա, մաթեմատիկա, հայ ժողովրդի պատմություն և տրամաբանություն: Այս մասին տեղեկացնում է  Հարավային դարպասը:

Դիմորդների վերապատրաստման ծրագիրը հովանավորում է ռուսաստանաբնակ բարերար, ֆիզ.մաթ. գիտ. թեկնածու՝ Սամվել Մուրադյանը:
2011-ի ամռանը ծանոթանալով ՎՀՕՄ գրասենյակի աշխատանքներին, Մուրադյանը որոշում է Ջավախքի երեխաների համար նախապատրաստական ծրագիր իրականացնել:

«Կարիքավոր երեխաները, ովքեր խելք ունեն, ուզում են սովորել, բայց հնարավորություն չունեն անհատական պարապել, ահա այսպիսի երեխաներին օժանդակելու համար է իրականցվում այս ծրագիրը», – ասաց դիմորդների վերապատրաստման ծրագրի համակարգող Վալերի Արաբյանը:

Դիմորդների վերապատրաստման ծրագիրն իրականացվում է արդեն երեք տարի: Առաջին տարում Ախալքալաքում 42 աշակերտ են մասնակցել դասընթացներին, որոնցից 27-ը բարձր գնահատականներով ընդունվել են՝ Վրաստանի և Հայսատանի տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններ: Իսկ ծրագրի երկրորդ տարում 35-ից 16-ն է ընդունվել:

«Մեր նպատակն է 11-12-րդ դասարանցիներին վերապատրաստել, որպիսի երեխաները կարողանան հեշտությամբ Բուհ ընդունվել», – ասում է Վալերի Արաբյանը:

Լյովա Էլբակյանն արդեն 9 տարի է ինչ երեխաներին անհատական պարապում է տրամաբանություն, որպեսզի կարողանան ընդունվել բարձրագույն
ուսումնական հաստատություններ: «Չընդունվողների տոկոսը շատ քիչ է: Երևի մի տոկոսն է կազմում: Մեր երեխաները սուր միտք ունեն, ընդհանրապես տրամաբանական վերլուծութունը մերոնց մոտ ուժեղ է»,- ասաց տրամաբանության դասվարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում