Հրանուշ Հակոբյանը Սփյուռքի հայկական կազմակերպության տնօրենին ներկայացրել է սիրիահայերի խնդիրները

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցել է ԱՄՆ «Անի և Նարոտ» հիշատակի հիմնադրամի հիմնադիր և ղեկավար, տեղեկատվական տեխնոլոգիաների առաջատար կազմակերպության տնօրեն Րաֆֆի Արտհալջյանի հետ տեսաժողովին: Սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած տեսաժողովի ժամանակ ՀՀ սփյուռքի նախարարը բարձր է գնահատել «Անի և Նարոտ» հիշատակի հիմնադրամի կողմից Հայաստանում, Արցախում և աշխարհասփյուռ հայ համայնքներում սոցիալական ու բարեգործական ծրագրերի իրականացումը, ներկայացրել Աշտարակ քաղաքում «Նոր Հալեպ» թաղամասի հիմնադրման ծրագիրը, որն արդեն մեկնարկել է:

Նա նշել է, որ «Նոր Հալեպ» թաղամասը կառուցվում է ՀՀ մշտական բնակության տեղափոխված սիրիահայերի համար և իրականացվելու է պետության, հովանավորների, բարերարների աջակցությամբ, իսկ Հայաստանում սիրիահայերի աջակցության ծրագրերը 2012-2013 թվականների ընթացքում իրականացվել են հիմնականում պետական բյուջեի շրջանակներում և համահայկական կազմակերպությունների աջակցութամբ:

Արտհալջյանին ներկայացնելով «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի տնօրեն, սիրիահայ Լենա Հալաջյանին, Հակոբյանը նշել է, որ կենտրոնը զբաղվում է Հայաստանում սիրիահայերի ինտեգրման աշխատանքներով: ՀՀ սփյուռքի նախարարը կարևորել է «Նոր Հալեպ» թաղամասի կառուցման աշխատանքներին հայկական և համահայկական բոլոր կառույցների և կազմակերպությունների ակտիվ ներգրավումն ու մասնակցությունը:

Շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին հեռակապի միջոցով ծրագրի մասին ամբողջական տեղեկատվություն փոխանցելու և գործակցության առաջարկության համար՝ Արտհալաջյանը նշել է, որ ԱՄՆ-ի հայ համայնքներում կներկայացնի «Նոր Հալեպ» թաղամասի շինարարության հետ կապված աշխատանքները:

Րաֆֆի Արտհալջյանը պատրաստակամություն է հայտնել նաև ծրագրի ղեկավարներին տրամադրելու մասնագիտական խորհրդատվություն և մի շարք նորարարական առաջարկութներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում