Հրանտ Դինքի այրին Թուրքիային մեղադրել է ամուսնու սպանության մեջ

Հրանտ Դինքի այրին’ Ռաքել Դինքը, ամուսնու սպանության մեջ մեղադրել է թուրքական պետությանը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով թուրքական «Զաման» թերթը, Ռաքել Դինքը հայտարարել է Եվրախորհրդարանում Հրանտ Դինքի անվան հիմնադրամի կողմից կազմակերպված «Պատմություններ հայ-թուրքական սահմանից» խորագրով լուսանկարների ցուցահանդեսի բացման արարողությանը: «Հրանտ Դինքը խիզախ հայ էր: Նա ամեն հարթակից առանց քաշվելու բարձրաձայնում էր խնդիրների մասին: Սա չկարողացան մարսել: Մեր կարծիքով’ Հրանտին սպանեցին պետության ծրագրած դավադրությամբ»,- ասել է Ռաքել Դինքը:

Դինքի սպանության հետ կապված դատավարությունը վերսկսվելու կապակցությամբ Ռաքելը հայտարարել է, որ նրա ընտանիքը որոշել է չմասնակցել դատավարություններին: «Մենք Թուրքիային հնարավորություն տվեցինք’ կարծելով, թե գուցե արդարադատության հարցում երկիրը փոխի իր աշխարհայացքը: Ցավոք, 6 տարի հետո դեռ նույն տեղում ենք: Մենք այլեւս չենք մասնակցի դատավարություններին: Դատարանի որոշումը կտեղափոխենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան»,- ասել է Դինքի այրին:

Ելույթում անդրադառնալով հայ-թուրքական սահմանը Թուրքիայի կողմից մինչ այժմ փակ պահելու խնդրին’ Ռաքել Դինքն ընդգծել է, որ միանգամայն անտրամաբանական է մի երկրի կողմից 2020 թ-ի օլիմպիական խաղերը հյուրընկալելու ցանկությունը, որը հարեւանի հետ փակ է պահում իր սահմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում