Սիրիահայերի ճակատագիրը կախված է խնդրի դիվանագիտական լուծումից.Ադամ Շիֆ

Սիրիայի կրոնական փոքրամասնությունների անվտանգության ապահովման գործում հակամարտության դիվանագիտական կարգավորումը կենսական նշանակություն ունի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ’ նման կարծիք է հայտնել ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը’ «Ասպարեզ» պարբերականում հրապարակված իր հոդվածում: Ըստ կոնգրեսականի’ Սիրիայում տարիներ շարունակ ձգձգվող քաղաքացիական պատերազմում ամենից խոցելի շերտը Սիրիայի կրոնական փոքրամասնություններն են, այդ թվում’ ավելի քան հարյուր հազար հայերը, ում անվտանգությունը կախված է պատերազմին վերջ տալու բանակցությունների ընթացքից:

«Սիրիական պատերազմի հենց սկզբից ես մոտիկից հետևել եմ’ ինչպիսի հետևանքներ են ունեցել բախումները և սիրական հասարակության փլուզումը երկրի քրիստոնյա փոքրամասնության վրա: Հատկապես վտանգված է հայ քրիստոնյաների անվտանգությունը, որոնց շատերի պապերն ու նախապապերը Սիրիա են գաղթել Հայոց ցեղասպանության տարիներին, և ովքեր հայտնվել են վարչակարգի և ապստամբների միջև: Վերջիններիս մի մասը իսլամիստ ծայրահեղականներ են’ հակված ոչնչացնելու քրիստոնյա փոքրամասնություններին»,- նշում է կոնգրեսականը: Նա ավելացրել է, որ տեղյակ լինելով քրիստոնեակ ան գյուղերի վրա սիրիական ապստամբների կատարած հարձակումների մասին’ սփյուռքահայերի պես մտահոգ է գործող վարչակարգի տապալումից հետո հնարավոր հետևանքների համար:

Շիֆը ողջունել է ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերիի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սրեգեյ Լավրովի’ եռօրյա բանակցություններից հետո կայացրած որոշումը’ Սիրիայի քիմիական զենքը միջազգային վերահսկողության տակ հանձնելու և 2014 թվականի առաջին կեսում դրանք ոչնչացնելու վերաբերյալ: Գիտակցելով ԱՄՆ-ի կողմից զինյալ ապստամբներին մատակարարած զինամթերքը քրիստոնյա փոքրամասնությունների, ապա նաև Արևմուտքի դեմ օգտագործելու վտանգավոր հեռանկարները’ Շիֆը բազմիցս դեմ է արտահայտվել ապստամբներին մահացու զենք տարամադրելու ռազմավարությանը:

«Միացյալ Նահանգները պետք է օգտագործի դիվանագիտական այս նոր ուղին բանակցությունների ընդլայնման համար և սկսի անցումը դեպի «հետասադյան» կառավարություն’ ավելի լավ ապագա երաշխավորելով Սիրիայի ողջ բնակչության համար»,- նշել է նա:

Կոնգրեսականը նաև անդրադարձել է սիրիայի բնակիչներին հատկացվելիք մարդասիրական օգնությանը’ խոստանալով որպես Հատկացումների հանձնաժողովի անդամ շարունակել աշխատանքները Սիրիայի քաղաքացիներին տրամադրվող մարդասիրական օգնությունն ավելացնելու ուղղությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում