Հայերը իրենց պարը կցուցադրեն «Teatro Nacional»-ում

Արգենտինահայ մշակութային միության «The Kaiane Dance Group» պարախմբի 53-րդ համերգաշրջանը կմեկնարկի հոկտեմբերի 15-ին: «The Kaiane Dance Group»-ի մամլո ծառայությունից, պարախումբը Բուենոս Այրեսի «Teatro Nacional»-ում կներկայանա հայկական պարերի կատարմամբ: Այս թատրոնում «Kaiane»-ն ելույթ է ունեցել վերջին չորս տարիների ընթացքում:

Արգենտինահայ մշակութային միությունը հիմնադրվել է 1920-ականներին’Բուենոս Այրեսում, իսկ պարախումբն ստեղծվել է ավելի ուշ’ 1960թ.-ին: «Kaiane»-ն մշտապես ոգեշնչվել է Հայաստանի պարի պետական անսամբլի խորեոգրաֆիկ և էսթետիկ ոճով, նրանք հավատում են, որ իրենց հայրենիքը’ Հայաստանը, «հայկականության» աղբյուր է, որը պետք է դաստիարակի նրանց:

«The Kaiane Dance Group»-ը Հայաստան է այցելել երկու անգամ: Առաջին անգամ նրանք այստեղ են եղել 2000 թվականին և հանդես եկել Հայաստանում և Արցախում: Նրանց երկրորդ այցը հայրենիք եղել է նախորդ տարի: 2012թ.-ին պարախումբը հանդես է եկել Երևանի Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում, Եղեգնաձորի Մշակութային կենտրոնում, ինչպես նաև հանդես է եկել ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպած «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնին: «Kaiane»-ի բոլոր պարողները չէ, որ հայազգի են: Նրանց բոլորին միավորում է պար ստեղծելու ցանկությունը:

Ներկայումս խմբի կազմում կան 40-ից ավելի սիրողական պարողներ, ովքեր շաբաթական երեք անգամ մասնակցում են փորձերի’ Հայաստանի պարի պետական անսամբլի նախկին անդամ Ռաֆիկ Գրիգորյանի, Կարլոս Ագայայի, Մարսելա Բոյաջյանի և Դանիելա Ռեինոնի ղեկավարությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում