Լուծվել են սիրիահայ ուսանողների կրթական խնդիրները

«Սփյուռքահայ ուսանողների խորհուրդ» ուսանողական հասարակական կազմակերպության (ՍՈՒԽ ) 2012 թվականի գործունեությունը նպաստել է Հայաստան ժամանած սիրիահայ ուսանողների կրթական խնդիրների լուծմանը: Խորհրդի ընդհանուր ամփոփիչ-հաշվետու ժողովի ընթացքում, որն անցկացվեց Հայաստանի Երիտասարդական հիմնադրամում, Սիրիահայ ուսանողների հանձնաժողովի համակարգող Արաքս Մահդեսյանը նշեց, որ ներկայում Հայաստանի տարբեր բուհերում սովորում է մոտ 260 սիրիահայ: Ըստ նրա’ սիրիահայ ուսանողների առջեւ ծառացած հիմնական խնդիրներից մեկը արեւելահայերենի եւ ռուսերենի չիմացությունն էր:

«Սփյուռքահայ ուսանողների խորհուրդ»-ը հատուկ դասընթացներ կազմակերպեց մեզ համար: Որոշ ուսանողներ ունեին նաեւ ուսման վարձի խնդիր, ինչը նույնպես լուծվեց տարբեր հիմնադրամների եւ Երիտասարդական հիմնադրամի կողմից տրամադրված աջակցության, բուհերի ղեկավարների կողմից կիրառված զեղչերի շնորհիվ»,- հայտնեց հանձնաժողովի համակարգողը: Նրա խոսքով’ ի տարբերություն 2013 թվականի’ 2012-ին սիրիահայերի Հայաստանում կրթություն ստանալու խնդիրներն առավել օրակարգային էր:

«Հիմա սիրիահայերի հոսքը թեթեւացել է, քանի որ օդային ճանապարհի փակման պարագայում Հայաստան գալը շատ է դժվարացել»,- ասաց Մահդեսյանը, ով գոհ է «Սփյուռքահայ ուսանողների խորհուրդ» ուսանողական հասարակական կազմակերպության աշխատանքից, քանի որ, նրա կարծիքով, ՍՈՒԽ-ը լավ հարթակ է սփյուռքահայ ուսանողներին միավորելու, համատեղ միջոցառումներ եւ հանդիպումներ իրականացնելու համար:

ՍՈՒԽ-ի հիմնադիր նախագահ Սամվել Մկոյանն, ամփոփելով 2012 թվականի աշխատաքնենրի արդյունքները, նշեց, որ տարին բավական արդյունավետ էր, իսկ տարվա ամփոփումը ոչ թե տարեվերջին, այլ ուսումնական տարվա սկզբին իրականացնելը, պայմանավորված էր ուսանողական քննաշրջաններով: «Մեր գլխավոր նպատակն է սփյուռքահայ ուսանողներին Հայաստանի կյանքին ինտեգրելը, ինչպես նաեւ ապահովել սփյուռքահայ ուսանողների մասնակցությունը Հայաստան-Սփյուռք համագործակցությանը»,- շեշտեց Մկոյանը:

ՍՈՒԽ-ը ստեղծվել է 2010 թվականին’ ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ: Այն Հայաստանում միակ կառույցն է, որը միավորում է 4309 սփյուռքահայ ուսանողների եւ պաշտպանում նրանց իրավունքները: Միջոցառման ավարտին Սամվել Մկոյանն ակտիվ գործունեության համար պատվոգրեր հանձնեց ՍՈՒԽ անդամներին: Յուրաքանչյուր սփյուռքահայ ուսանող կարող է մասնացել կառույցի աշխատանքներին’ ընդգրկվելով դրա կազում գործող հանձնաժողովներ եւ ակումբներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում