Հալեպում հայեր են տուժել պայթյունից

Հալեպում կան հայ տուժածներ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց «Ազդակ»-ի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը’ հավելելով, որ իրենց հաջողվել է «Ազդակ»-ի Դամասկոսի աշխատակցի միջոցով կապ հաստատել հալեպահայերի հետ: «Մի քանի օր առաջ Սուլեյմանիա շրջանում հրթիռ է ընկել. կան տուժածներ: Հալեպի հայկական թաղամասերում մարտեր չեն ընթանում, այսուհանդերձ լսվում են հրթիռների ե ւ կրակոցների ձայներ։ Կենցաղային առումով թեև սնունդ կա, սակայն կտրուկ սղաճ է արձանագրվել, նյութական դժվարություններն ավելացել են»,-ասաց Գանտահարյանը’ հավելելով, որ իրենց տվյալներով երեք հայ են վիրավորվել: Այս պահին Հալեպի հետ կապը դարձյալ կտրվել է: Հալեպում սննդամթերքի գները կտրուկ բարձրացել են, նույնիսկ բանջարեղենն ու կանաչեղենը Հալեպ մտցնելու դժվարություն կա: Հալեպում կրակոցների ու ռմբահարումների ձայներն անընդհատ լսվում են: Քաղաքում էլեկտրականության ընդհատումներ են լինում, սակայն ոչ ամբողջ օրվա ընթացքում:

Նրա տեղեկացմամբ’ վառելանյութի սղության տագնապ էլ կա։ «Հալեպում շարունակում է գործել ՀՀ հյուպատոսարանը եւ հայ համայնքի պատասխանատուների հետ աշխատանքները համակարգվում են։ Հայ համայնքը շարունակում է իր միութենական եւ հավաքական կյանքը։ Նույնիսկ պատրաստվում են դպրոցական վերամուտի։ Իսկ Դամասկոսում համեմատաբար հանդարտ է։ Բացի քրիստոնյաներով բնակեցված Մաալուլի շրջանի թեժ մարտերից, քաղաքում համեմատաբար հանդարտ է»,-հայտնեց Գանտահարյանը: Հայկական եկեղեցիները շարունակում են գործել։ «Միակ բաց ճամփան դեպի Լիբանան է. այս բոլորով հանդերձ, Դամասկոսի հայերի ուշագրավ արտահոսք չի գրանցվում»,-շեշտեց «Ազդակ»-ի գլխավոր խմբագիրը։

Սիրիայում 2011-ի մարտից ընթացող կոնֆլիկտը ՄԱԿ-ի տվյալներով՝ 100 հազարից ավելի մարդու կյանք է խլել: Զոհվել են մի քանի տասնյակ հայեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում