Չավուշօղլուն հայտարարել է, որ «պատրաստ են զոհել իրենց կյանքը հանուն Ադրբեջանի»

Չավուշօղլուն հայտարարել է, որ «պատրաստ են զոհել իրենց կյանքը հանուն Ադրբեջանի»

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒLԻՍԻ, Tert.amԹուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն իր թվիթերյան օգտահաշվում անդրադարձել է վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին` իր աջակցությունը հայտնելով Ադրբեջանին:

Չավուշօղլուն սոցկայքում հրապարակել է Թուրքիայի և Ադրբեջանի հիմները և գրել. «Մենք պատրաստ ենք զոհել մեր կյանքը հանուն Ադրբեջանի»:

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Հուլիսի 12-ին՝ ժամը 13:45-ին, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով` հետ շպրտվել:

Ադրբեջանական կողմը հրետակոծությունը շարունակել էր նաև հուլիսի 13-ին։

Ադրբեջանական կողմը հայտնել է մարտական կորուստների մասին․ ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվել է արդեն 4 զինծառայողի մահվան մասին տեղեկություն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում