ԵՄ հատուկ ներկայացուցիչն անհանգստություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի կապակցությամբ

ԵՄ հատուկ ներկայացուցիչն անհանգստություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒLԻՍԻ, Tert.amՀարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անհանգստություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի կապակցությամբ: Համապատասխան հայտարարությամբ Կլաարը հանդես է եկել թվիթերյան էջում։

«Մենք խիստ մտահոգված ենք հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած փոխհրաձգությամբ։ Երկու երկրների համար չափազանց կարևոր է զսպվածություն ցուցաբերել, կապի բոլոր ուղիներն օգտագործել ինչպես ուղղակիորեն, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով»,- Twitter-ում գրել է Կլաարը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, հայ-ադրբեջանական սահմանին առաջացած լարվածության պատճառով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հուլիսի 13-ին ՀԱՊԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստ է նախաձեռնել անցկացնել:

Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ:

Նախարար Մնացականյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին մանրամասն տեղեկատվություն է տրամադրել հուլիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ հրետանու կիրառմամբ իրականացված հրադադարի խախտումների, հուլիսի 13-ի առավոտյան այդ գործողությունների վերսկսման, ինչպես նաև իրադրության հետագա սրման հետևանքների մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում