Ոստիկանները բերման ենթարկեցին Վահագն Չախալյանին, Սոնա Աղեկյանին և նրանց համակիրներին

Ոստիկանները բերման ենթարկեցին Վահագն Չախալյանին, Սոնա Աղեկյանին և նրանց համակիրներին

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒLԻՍԻ, Panorama.am: «Մենք նամակ ենք բերել հանձնելու Հանրապետության նախագահին, ամոթանք տալու Լանզարոտեի կոնվենցիայի ընդունման համար»,- Բաղրամյան 26-ի դիմաց «Ոչ խտրականությանը» խորագրով բողոքի ակցիայի ժամանակ ասաց Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը։

Նրա խոսքով, իշխանություններն ուզում են ճնշումներով հայկական դպրոցներից վերացնել հայոց եկեղեցու պատմություն առարկան, թուլացնել հայոց լեզուն և հայ ժողովրդի պատմություն առարկաները և դրա փոխարեն սեռական դաստիրակաության և այլասերության քարոզ մտցնել, որպեսզի կարողանան իրենց ծրագիրը կյանքի կոչել:

«Այնպես են անում, որ բողոքող ուժերը իրավունք չունենան ակցիա անելու… ակցիա անելու մոնոպոլ իրավունքը տրված է Նիկոլ Փաշինյանի սիրելի քաղաքական գործիչներին: Մենք դժգոհում ենք այն խտրականության դեմ, որ ՀՀ իշխանությունները դրսևորում են իրենց հաճո կամ անհաճո ուժերի հանդեպ: Մենք չենք հանդուրժելու, որ ՀՀ-ում լինեն արտոնյալներ»,– նշեց Վահագն Չախալյանը:

Մինչ նա փորձում էր նամակը հանձնել, ոստիկանները հորդորում էին նրան՝ լքել տարածքը, որին ի պատասխան՝ Վ. Չախալյանը նշում էր՝ թողեք նամակս տամ, խտրական վերաբերմունք մի ցուցաբերեք։

Ոստիկանության աշխատակիցն էլ ասում էին՝ եթե կվերցնեն նամակը, կհանձնեք։

Այդ պատասխանը Վահագն Չախալյանը որակեց որպես խտրական քայլ՝ ազգային և ապազգային ուժերի միջև. «Ինչո՞ւ թույլ չեք տալիս նամակը հանձնել, երբ մենք ազգային հարցեր ենք բարձրացնում։ Այս հարցերը ականջահաճո չեն մեր իշխանությունների համար։ Եթե մենք հիմա սիգարետի մաքսանենգության կամ սահմանադրական փոփոխությունների հետ կապված ակցիա անեինք, դուք թույլ կտայիք։ Բայց քանի որ հարցը վերաբերում է հայի ազգային արժանապատվությանը, առաջ եք բերում արտակարգ իրավիճակի առկայությունը։ Մենք դժգոհում ենք այս խտրականության դեմ»։

Բացի այդ, Վահագն Չախալյանն ասաց, որ ինքն ուզում է մամուլի ասուլիս անել Բաղրամյան 26 հասցեում՝ նախագահականի դիմաց՝ պահպանելով սոցիալական հեռավորությունը։ Սակայն ոստիկանությունը արգելեց ասուլիս անցկացնել։

«Եթե նամակ ունեիք հանձնելու, կարող էիք մենակ գալ։ Իսկ այժմ ձեր արածը հավաք է, ինչն արգելված է արտակարգ դրության ընթացքում»,- ասաց ոստիկանության աշխատակիցը։

Մինչ Վ. Չախալյանը փորձում էր հասկանալ՝ ինչու է նման, իր խոսքով ապազգային քայլ արվում, ոստիկանությունը երկու րոպե ժամանակ տվեց նրան և իր համակիրներին Բաղրամյան 26-ը լքելու համար, սակայն բողոքի ակցիայի մասնակիցները չենթարկվեցին ոստիկանության կոչին, որից հետո Վահագն Չախալյանին, Սոնա Աղեկյանին և ակցիայի մասնակիցներից մի քանիսին բերման ենթարկեցին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում