Բռնությունը պետք է բացառվի ներհայկական որևէ հարցի լուծման գործիքակազմից․ Փաշինյան (տեսանյութ)

Բռնությունը պետք է բացառվի ներհայկական որևէ հարցի լուծման գործիքակազմից․ Փաշինյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒLԻՍԻ, Times.amՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Երևանում տեղի է ունենում Անվտանգության խորհրդի հերթական նիստը: Նիստում, ի թիվս այլ հարցերի, քննարկվում է Ազգային անվտանգության ռազավարությանը հավանություն տալու մասին հարցը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունը։

Այդ համատեքստում վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ուղերձով, որում, մասնավորապես, նշել է.

«Ազգային ժողովի մեծարգո նախագահ

Անվտանգության խորհրդի հարգելի անդամներ,

Այսօր անվտանգության խորհրդի նիստի օրակարգում չափազանց կարևոր հարցեր են ընդգրկված, բայց ես ուզում եմ ընդգծել նրանցից մեկը՝ Ազգային անվտանգության ռազավարությանը հավանություն տալու մասին հարցը: Իհարկե, կարծում եմ մենք բավականին լավ նախագիծ ենք ստացել, բայց ուզում եմ ընդգծել, որ այստեղ կարևոր է ոչ միայն բուն տեքստը, այլև կոնտեքստը:

Եվ մեր ազգային անվտանգության հարցը քննելիս, կարծում եմ նախ պետք է քննենք մեր ազգային ինքնության հարցը, որովհետև՝ ազգային անվտանգությունն ազգային ինքնության պահպանման, ֆիզիկական և բովանդակային սպառնալիքներից դրա պաշտպանության մասին է: Բայց մյուս կողմից՝ ազգային ինքնությունը նույնը չի մնում: Մեր ազգը, ժողովուրդն արդեն հազարամյակներ գոյություն ունի, բայց լինել հայ, նույն բանը չի նշանակել այդ հազարամյակների ողջ ընթացքում և հասկացության նշանակությունը փոխվել է ժամանակի հետ՝ տարբեր հանգամանքների, իրադարձությունների, գործոնների բերումով:

Մենք հիմա չգիտենք՝ ինչ է նկատի ունեցել Արտաշես արքայի ժամանակների մեր հայրենակիցը, երբ ասել է հայ: Բայց հաստատ գիտենք, որ նույն բանը նկատի չի ունեցել, ինչ մենք ենք այսօր նկատի ունենում հայ ասելով: Առնվազն՝ նա չի իմացել մեր գոյության մասին, իսկ մենք նրա գոյության մասին գիտենք վստահաբար: Հենց միայն այս հանգամանքն ազգային ինքնության զարգացման էական գործոն է:

Մենք հիմա չգիտենք, թե արդյոք 2000 տարի առաջ ապրած հայն իր գործողությունները դիտարկել է այսօրվա մեր գոյության շահերի տեսակետից, չգիտենք ընդհանրապես, այն ժամանակ մտքերի նման ընթացք եղե՞լ է, թե ոչ: Բայց հիմա կարող ենք այդպես վարվել՝ իմանալով անցյալը, մտածել ոչ միայն ներկայի ու ապագայի, այլև հազարամյա հորիզոնի մասին:

Եվ թերևս սա է այն շրջադարձային կետը, որտեղ ազգային գաղափարախոսությունը դառնում է կենսական անհրաժեշտություն, կիրառական նշանակության ինստիտուտ, երբ կա խնդիր՝ անցյալի ու ներկայի փորձի հիման վրա ոչ միայն այսօրվա անելիքը ձևակերպել, այլև ապագային միտված մեր ուղերձը, որը հազար տարի հետո ապրող հային պետք է կապի հազար տարի առաջ ապրած հայի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում