Վերաքննիչ դատարանը Գագիկ Ծառուկյանի գործով որոշումը կհրապարակի վաղը

Վերաքննիչ դատարանը Գագիկ Ծառուկյանի գործով որոշումը կհրապարակի վաղը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒLԻՍԻ, Panorama.am: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ դատավոր Մխիթար Պապոյանի, ավարտվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործով իր պաշտպանների և ՀՀ դատախազության բողոքների քննությունը։

Լրագրողների հետ զրույցում Գ.Ծառուկյանի պաշտպաններից Երեմ Սարգսյանն ասաց, որ դատական նիստն ավարտվեց, բավական մանրամասն քննարկում տեղի ունեցավ, կողմերը ներկայացրեցին իրենց բողոքներն ու առարկությունները, դատարանի կողմից բավականին խորը հարցեր են եղել երկու կողմերին էլ։

Դատարանը հեռացել է խոհրդակցական սենյակ որոշում կայացնելու, որը կհրապարակվի վաղը։

Հիշեցնենք, որ հունիսի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր Գ.Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ ներկայացրած միջնորդությունը։ Վերաքննիչ բողոքներ են ներկայացրել և Գ.Ծառուկյանի պաշտանական թիմը, և դատախազությունը։

Դատախազությունը բողոքարկել է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու միջնորդությունը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը՝ Վերաքննիչ դատարանից պահանջելով բեկանել այն և կալանավորել Ծառուկյանին։ Ծառուկյանի պաշտպաններն էլ մի քանի բողոք են ներկայացրել, այդ թվում հիմնավոր կասկածի հետ կապված։

Հունիսի 16-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության 87 պատգամավորներ փակ գաղտնի քվեարկությամբ նախ զրկել էին Գ.Ծառուկյանին անձեռնմխելիությունից, ապա համաձայնություն տվել նրան ազատությունից զրկելու հարցին։ Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտնել էր, որ քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար հիմք է տալիս ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին մեղադրանք առաջադրելու ԱԺ 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցած «Ծառուկյան կուսակցությունների դաշինքի» և դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար կաշառք տալը կազմակերպելու համար։

Գ.Ծառուկյանը հարուցված քրեական գործը համարում է սարքած գործեր քաղաքական նպատակներով, քանի որ հետապնդումները սկսել են կուսակցության քաղխորհրդի նիստում իշխանություններին ուղղված քննադատություններից հետո։

Հետևեք մեզ նաև Telegram-ում