Հովիկ Աղազարյանի որդուն մեղադրանք է առաջադրվել. գործն ուղարկվել է դատարան

Հովիկ Աղազարյանի որդուն մեղադրանք է առաջադրվել. գործն ուղարկվել է դատարան

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒLԻՍԻ, Aysor.amԱզգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդու մասնացությամբ վթարի գործն ուղարկվել է դատարան, Aysor.am-ը տեղեկացավ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Իվան Հովիկի Աղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2019 թվականի նոյեմբերի 5-ին` ժամը 13:30-ից 14:30 ընկած ժամանակահատվածում, իրեն սեփականության իրավունքով պատկանող «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևան քաղաքի Արցախի պողոտայի թիվ 61 հասցեի դիմացի հատվածում 1-ին երթևեկելի գոտով, այնուհետև 2-րդ երթևելելի գոտով 15-20 կմ/ժ արագությամբ կատարել է հետընթաց որի ժամանակ թույլ է տվել ՀՀ կառավարության 2007 թվականի հունիսի 28-ին 955-ն որոշմամբ հաստատված «Ճանապարհային երթևեկության կանոնների» 48-րդ կետի պահանջներին հակասող գործողություններ, այն է` հետընթաց սկսելուց առաջ, չի համոզվել դրա կատարման անվտանգության, մասնավորապես` ավտոմեքենայի հետևում առկա խոչընդոտի կամ վտանգի աղբյուրների բացակայության մեջ, չի դիմել այլ անձանց օգնությանը և հետընթացով անցնելով որոշոկի տարածություն` ավտոմեքենայի հետևի ձախ հատվածով վրաերթի է ենթարկել հետիոտն Արմինե Յուրիկի Կիրակոսյանին ու անզգուշությամբ նրա առողջությանը պատճառել միջին ծանրության մարմնական վնաս:

Իվան Աղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որը սահմանում է պատիժ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

Իվան Աղազարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Գործը մակագրվել է դատավոր Վահագն Մելիքյանին։

Դատական նիստի օր դեռևս նշանակված չէ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում