«Փաստ». Էլի մեղավոր են բոլորը, իշխանություններից բացի

«Փաստ». Էլի մեղավոր են բոլորը, իշխանություններից բացի

Ներկայում հանրությանը մտահոգող առաջնային թեման շարունակում է մնալ երկրում ստեղծված համաճարակային իրավիճակը։ Խնդիրն այն է, որ արդեն հինգերորդ ամիսն է, ինչ վարակը մուտք է գործել մեր երկիր, բայց նահանջի միտումներ այդպես էլ ցույց չի տալիս։ Դեռ ավելին՝ ամեն օր հարյուրավոր նոր վարակվածների դեպքեր են արձանագրվում, իսկ այդպիսի տեմպերով վարակի տարածումը հանգեցնում է նաև մահացության աճի։

Խորը վերլուծության կարիք ունի այն, թե ինչպե՞ս է ստացվում, որ այն երկրները, որոնք ամիսներ առաջ դարձել էին վարակի տարածման գլխավոր օջախներ, կարողացան հաղթահարել համավարակի կրիտիկական փուլը, իսկ մեզ մոտ դա չի ստացվում։

Օրինակ՝ Իտալիան, որը դարձել էր կորոնավիրուսի էպիկենտրոնը, քիչ-քիչ հաղթահարում է համավարակը և անգամ բացել է իր սահմանները եվրոպական երկրների համար։ Ճիշտ է՝ խնդիրը բոլոր քաղաքացիներից անհատական պատասխանատվության բարձր մակարդակ է պահանջում, սակայն շատ կարևոր է նաև պետության կողմից տարվող քաղաքականությունը։ Տվյալ դեպքում իշխանությունները պետք է գործեն առավել քան մտածված և հաշվարկված ռազմավարությամբ։

Բայց, ինչպես տեսնում ենք, մեր իշխանությունները, եթե սկզբում անլուրջ մոտեցում ունեին կորոնավիրուսի հետ կապված և անգամ քարոզարշավներ էին անցկացնում, ապա ներկայումս սկսել են հասկանալ համավարակի լրջությունը, բայց կարծում են, թե հակահամաճարակային կանոնների պահպանումը հսկելուց բացի իրենք ուրիշ ձևով ի վիճակի չեն ներազդել իրավիճակի վրա։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Այս համատեքստում իշխանություններին մնում է միայն անհատական և քաղաքացիական պատասխանատվության հարցը բարձրացնել։ Դրա համար էլ Փաշինյանը հայտարարում է. «Ամեն օր մեզնից յուրաքանչյուրը պետք է հարց տա իրեն, թե ինքն այսօր ինչ է արել կորոնավիրուսի հետագա տարածումը կանխելու համար»։

Ասվածը տրամաբանական է, սակայն իշխանություններն իրենց հաշիվ տալի՞ս են, թե ի՞նչ թերացումներ և բացթողումներ են ունեցել, որ համաճարակը ամիսներ շարունակ չի նահանջում, իհարկե ոչ։ Փոխանակ այս հարցը դառնա լուրջ քննարկման առարկա, Փաշինյանը ամեն կերպ ցանկանում է պատասխանատվությունը գցել իրենց վրայից։

Դրանով էր պայմանավորված վերջինիս հայտարարությունը. «Բա աշխարհի մնացած երկրներում ովքե՞ր են սխալ հայտարարություն արել։ 10 միլիոն դեպք կա աշխարհում, ենթադրենք՝ 20 հազար դեպքը եղել է իմ սխալի պատճառով, բա աշխարհի 10 մլն դեպքը ո՞ւմ սխալն է»։

Քննադատություններից պաշտպանվելու համար նոր չէ Փաշինյանի այն մոտեցումը, թե շատ հզոր և զարգացած երկրներում էլ է համաճարակն ակտիվորեն տարածվում, հետևաբար Հայաստանում ստեղծված իրավիճակի հետ կապված արտառոց ոչինչ չկա։

Սակայն պետք է նկատի ունենալ, որ Բրազիլիայի և ԱՄՆ-ի նման երկրների հետ, որոնք դարձել են կորոնավիրուսի տարածման ներկայիս էպիկենտրոնները, զուգահեռներ անցկացնելու ընդհանուր եզրեր ուղղակի չունի։

Այդ երկրներն ունեն հսկայական տարածք և բնակչություն, բազմաթիվ սահմաններ, որը վերահսկելը լուրջ խնդիր է, և շատ հաճախ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարը կոորդինացնում են առաջին հերթին նահանգային իշխանությունները և հետո միայն կենտրոնական իշխանությունները։

Իսկ Հայաստանը փոքր տարածք և փոքր բնակչություն ունեցող երկիր է, ընդամենը երկու սահմանով ու երկու օդանավակայանով, և իրավիճակը անհամեմատ ավելի վերահսկելի է, քան աշխարհի շատ երկրներում։

Բացի այդ, Հայաստանը արտաքին աշխարհի հետ կոմունիկացիայի խնդիր ունեցող և ցանկացած պահի պատերազմի վերսկսման վտանգի տակ գտնվող երկիր է, ուստի չպետք է իրեն նման «շռայլություն» թույլ տա, որ համավարակը շարունակի ընդլայնվել։

Իշխանությունները հրաժարվում են կրկին կարանտին սահմանել՝ վկայակոչելով, որ այդ դեպքում երկիրը տնտեսական խնդիրների առաջ կկանգնի։ Սակայն երկիրը տնտեսական կորուստներ ունենալու է նաև կորոնավիրուսի շարունակական տարածման դեպքում։

Միգուցե փորձ կատարվի կարճաժամկետ կարանտինի միջոցով կոտրել համավարակի ողնաշարը, սակայն այս քայլին գնալու համար դրա հիմքում պետք է ընկած լինեն մասնագիտական հաշվարկներ։ Օրինակ՝ այդպիսի քայլի է գնում Ղազախստանի կառավարությունը, որը պատրաստվում է հուլիսի 5-ից երկշաբաթյա կարանտին մտցնել՝ կորոնավիրուսի աճող տեմպը զսպելու համար:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ նաև Telegram-ում