Իշխանազրկված էլիտան ու ժողովրդի կայացվելիք որոշումը. Կորոնավիրուսյան իրականություն

Իշխանազրկված էլիտան ու ժողովրդի կայացվելիք որոշումը. Կորոնավիրուսյան իրականություն

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, Times.amՉգիտեմ, առիթ ունեցել եք, թե՞ ոչ՝ ծանոթանալու ամերիկացի հայտնի գիտնական, Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր Ֆրենսիս Ֆուկույամայի «Համավարակն ու քաղաքական կարգը»՝ վերջերս «Foreign Affairs»-ում հրապարակված հոդվածին, բայց ասեմ, որ նրան հաջողվել է ի մի բերել համաշխարհային քաղաքագիտական շրջանակներում այս ամիսներին քննարկվող հիմնական թեզերը և հանգել եզրակացության, որ Կորոնավիրուսի դեմ պայքարում արդյունավետ են բոլոր այն երկրները, որոնք ունեն պետական բավարար պոտենցիալ, սոցիալական վստահություն և արդյունավետ առաջնորդություն։ «Բոլոր այն պետությունները, որոնք օժտված են այս երեք հատկանիշներով՝ իրավասու պետական ապարատ, վստահություն վայելող կառավարություն, որի ցուցումներին քաղաքացիները հետևում են, և արդյունավետ առաջնորդներ, ահա բոլոր այս պետությունները հասել են տպավորիչ արդյունքների՝ կարողանալով սահմանափակել (համաճարակից բխող) վնասը։ Իսկ ահա անգործունյա պետական ապարատով, բևեռացված հասարակությամբ և ապիկար ղեկավարներով երկրները շատ վատ են իրենց պահել՝ սեփական քաղաքացիներին ու տնտեսությունը դարձնելով խոցելի», – գրել է Ֆրենսիս Ֆուկույաման։ Ընդ որում, վերջինս նշում է, որ տարբերություն չկա՝ ժողովրդավար, թե՞ ավտորիտար է համաճարակի դեմ պայքարում որոշակի արդյունքների հասած այս կամ այն երկիրը։ Այս հարցում հաջողություն ունեն թե՛ առաջին և թե՛ երկրորդ քաղաքական կարգն ունեցող երկրները։ Խնդիրը բացառապես կառավարման արդյունավետության մեջ է։ Ուրիշ ոչինչ։

Վստահ եմ՝ ուշադիր ընթերցողը միանգամից հասկացավ, թե Ֆուկույամայի հիշատակած որ երկրների շարքին է կարելի դասել այսօրվա Հայաստանը։ Ցավոք, Կորոնավիրուսի դեմ պայքարում մեր երկիրը ջախջախիչ պարտություն է կրել, և այդ փաստի միակ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանի պոպուլիստական կառավարությունն է, որը համաճարակի հաղթահարման գործում չի կարողացել մոբիլիզացնել երկրի ռեսուրսը, իրականացնել արդյունավետ կառավարում և ստեղծել միասնական ճակատ։

Մեծ հաշվով՝ չէր էլ կարող։ Պատճառները շատ են։ Բայց հիմնականը՝ 2018թ. տեղի ունեցած բոլոր ոլորտների կարող էլիտաների իշխանազրկումն ու մեկուսացումն է։ Իր էությամբ Հայաստանի կառավարությունը խիստ պոպուլիստական և, հետևաբար, նույնքան էլ անգործունյա է։ Հակաիստեբլիշմենտյան ալիքի վրա կառավարության ղեկին հայտնված Նիկոլ Փաշինյանի իշխանության միակ ռեսուրսը շարունակում է մնալ քաղաքական նախկին վերնախավի դեմ մղվող պայքարը, որը երկրի վարչապետը չդադարեցրեց անգամ համաճարակի ամենասուր և վտանգավոր ժամանակահատվածում։ Այդ ընթացքում նա քաղաքական նոր հետապնդումներ սկսեց ընդդիմադիր ուժերի նկատմամբ, լիարժեք վերահսկողություն հաստատեց երկրի իրավապահ մարմինների նկատմամբ, փոխեց Մայր օրենքը և այլն։ Բնականաբար, վարչապետ Նիկոլ Փաշինյանի բոլոր այս քայլերն ավելի խորացրին սոցիալական բևեռվածությունը՝ Կորոնավիրուսի դեմ պայքարը մղելով երկրորդ, անգամ երրորդ պլան։

Այդ ամենը հասարակության համար անհետևանք չմնաց. հիվանդությունը շարունակում է նոր հակառեկորդներ սահմանել Հայաստանում՝ դառնալով հարյուրավոր քաղաքացիների մահվան պատճառ։ Չնայած դրան, սակայն, այս հարցում ՀՀ քաղաքացիները գործնական լուծումներ Կառավարությունից չեն ակնկալում։ Պատճառը, թերևս, այն փաստի համատարած գիտակցությունն է, որ պոպուլիստական իշխանությունները չունեն այդպիսի ունակություններ։ Դրանով է պայմանավորված նաև կառավարության գործողությունների ու հորդորների հանդեպ հանրային անվստահությունը։

Ընդհանրապես պետք է նշել, որ Նոր կորոնավիրուսային հիվանդության հետ կապված զարգացումները հանրային տրամադրությունների հետաքրքիր շերտեր են բացահայտում Հայաստանում։ Ակնհայտ է, որ անցած երկու տարիների ընթացքում հասարակությունն այդպես էլ չի կարողացել իր իրական շահերից բխող խնդիրներ դնել Կառավարության առջև և դրան համապատասխան պահանջատիրություն ձևավորել։ Չկան նաև հակառակ կողմից առաջարկվող օրակարգեր, ինչն օր օրի ավելի անիմաստ է դարձնում թե՛ 2018թ. իրականացված հեղաշրջումը և թե՛ պոպուլիստական իշխանության հետագա կառավարումը։ Օրակարգերի բացակայությունն առաջ է բերել նաև փոխադարձ հաշվետվողականության ճգնաժամ, և ժողովուրդն ու Կառավարությունն սկսել են ապրել ամենքն իր կյանքով։ Իրադարձությունների այսպիսի ընթացքի շարունակության պարագայում Կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման երկրորդ փուլը՝ տնտեսության ու հասարակական կարգերի վերականգնման ժամանակաշրջանը, Հայաստանը դիմավորելու է ավիրված քաղաքական համակարգով ու ունեզրկված և աղետալի վիճակի հասցված հասարակությամբ։ Ցավոք, դրանից հնարավոր չի լինի խուսափել։

Եվ ուրեմն, ի՞նչ անել։ Այս հարցի պատասխանն արդեն հնչեցվել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի կողմից։ Իր հայտնի «Ստի վերջը» տեսաշարի վերջին հատվածում նա ասել է՝ ժողովուրդը պետք է որոշի, թե ինչ է ուզում։ Այո, դա հենց ժողովրդի որոշելիքն է։ Պոպուլիստ, թե՞ գործունյա իշխանություն։ Պետական արդյունավետ կառավարում, թե՞ ֆեյսբուքյան շոուներ։ Հանրային համերաշխություն, թե՞ սևերի ու սպիտակների թշնամություն… Այս ամենը հենց ժողովրդի որոշելիքն է։ Եվ ժողովուրդը չի կարող չորոշել։ Որովհետև հակառակ պարագայում այդ որոշումը թելադրվելու է վրա հասնող աղետի կողմից։ Ժամանակի հարց է։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում