Ընդունվեց լիազորությունները դադարած ՍԴ դատավորներին կենսաթոշակով ապահովելու նախագիծը

Ընդունվեց լիազորությունները դադարած ՍԴ դատավորներին կենսաթոշակով ապահովելու նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.amՎերսկսվել է այսօր մեկնարկած ԱԺ արտահերթ նիստը, և արդեն երկրորդ ընթերցմամբ քննարկվում են «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ անելու մասին և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը և ՀՀ ԱԺ 2020 թվականի փետրվարի 6-ի «Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին օրենքի նախագիծը։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը տեղեկացրեց, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ անելու մասին և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը քննարկվել է պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում։

«Երկու նախագծերի վերաբերյալ էլ կատարվել են առաջարկներ, որոնք ընդունվել են։ Գրավոր առաջարկներ չեն եղել»,- ասաց նա։

Իմքայլական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն էլ հայտնեց, որ ԱԺ գլխադասային հանձնաժողովը օրենքների նախագծերի փաթեթին միաձայն դրական եզրակացություն է տվել։

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն էլ հարակից զեկուցմամբ նշեց, որ նախագծերի հիմնական նպատակը սահմանադրական փոփոխությունների արդյունքում լիազորությունները դադարած ՍԴ դատավորների կենսաթոշակի ապահովումն է։

«Հիշեցնեմ, որ երեք դատավորների լիազորությունների դադարի մասին է խոսքը, և սահմանադրական փոփոխություններից հետո «ՍԴ մասին» օրենքի որոշ դրույթներ համապատասխանեցվել են Սահմանադրությանը»,- ասաց Ռ. Բադասյանը։

Մինչ նախագծի քվերակությունը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը 20 րոպե ընդմիջում խնդրեց։

Ընդմիջումից հետո պատգամավորները ձայների 80 կողմ և 1 դեմ հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեցին ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։

Նշենք, որ քվեարկությունից հետո ԱԺ արտահերթ նիստն ավարտվեց։

Հետևեք մեզ նաև Telegram-ում