Ասացին, որ սահմանադրական կարգի հետ կապված կոչեր եմ արել․ Ռուբիկ Հակոբյան (տեսանյութ)

Ասացին, որ սահմանադրական կարգի հետ կապված կոչեր եմ արել․ Ռուբիկ Հակոբյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, Tert.am«Վերնատուն» ակումբի անդամ, քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն Ռուբիկ Հակոբյանը հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն։ Լրագրողների հետ զրույցում ԱԺ նախկին պատգմավորը պարզաբանեց, որ իրեն հրավիրել են երեկ Սահմանադրական դատարանի դիմաց հնչեցրած իր հայտարությունների համար։

«Մոտավորապես ասացին, որ Սահմանադրական կարգի հետ կապված կոչեր եմ արել, հիմնականում շեշտը դրա վրա է դրված»,-ասաց նա։ Ռուբիկ Հակոբյանը նաև հիշեցրեց, որ երեկ ասել էր, որ Նիկոլ Փաշինյանն այսօր հակաօրինական միջոցներով և հակասահմանադրական քայլերով բռնապետական ձգտումներ ունի և ուզուրպացնում է իշխանությունը։

«Թե՛ դատական, թե՛ օրենսդիր, թե՛ գործադիր իշխանությունն ամբողջությամբ կենտրոնացված է իր ձեռքում և միայն օրինական ճանապարհով պայքարել դրա դեմ՝ հիմա դժվար է։ Երևի պետք է օգտվել այն գործիքակազմից, որով ինքը կարողացավ իշխանության գալ։ Իսկ ինչպես եկավ ինքը՝ պետական հեղաշրջման միջոցով։ Եթե հիշում եք, ինքը գրավեց ռադիոտունը և պատրաստ էլ այլ ռազմավարական նշանակության օբյեկտները գրավելուն։ Դա եմ ասել , կարծում եմ՝ հրավերը դրա հետ է կապված»,– նշեց նա։

Ռուբեն Հակոբյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը թքած ունի Սահմանադրության վրա, անում է այն, ինչ ուզում է:

«Եթե իրավապահները քրեաիրավական գնահատականներ չտվեցին Նիկոլ Փաշինյանի արարքներին, ապա յուրաքանչյուր քաղաքացի կարող է անել այն, ինչ արել է Փաշինյանը․․․Իսկապես Սահմանադրական դատարանին պետք է տեր կանգնել, որովհետեւ այդ միակ բաստիոնը, որը կարողանում է կենդանության նշույլներ ցույց տալ եւ չի ենթաիվում վարչապետի բռնատիրական նկրտումներին, մենք պետք է կարողանանք տեր պահել»,– եզրափակեց նա։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում