ԲՀԿ-ական պատգամավորներն իրենց դիմումի թղթային տարբերակը հանձնեցին ՍԴ

ԲՀԿ-ական պատգամավորներն իրենց դիմումի թղթային տարբերակը հանձնեցին ՍԴ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, Tert.amԱզգային ժողովի «Բարգավաճ Հայասետան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Շաքե Իսայանը Սահմանադրական դատարան են հանձնել ԲՀԿ դիմումի թղթային տարբերակը, որով վիճարկվում է Սահմանադրությունը փոփոխելու մասին ԱԺ կողմից ընդունված նախագծի սահմանադրականությունը:

Լրագրողների հետ զրույցում Զոհրաբյանը հայտարարեց, որ երեկ երեկոյան էլեկտրոնային տարբերակով 26 պատգամավորի ստորագրությամբ դիմում են ուղարկել Սահմանադրական դատարան՝ վիճարկելու Ազգային ժողովում ընդունված օրենքի սահմանադրականությունը:

«Այսօր արդեն թղթային տարեբարկը հանձնեցինք ՍԴ աշխատակազմի ղեկավարին: Էդգար Ղազարյանն ասաց, որ կան աշխատակարգեր, հարցը կքննվի և որոշում կկայացվի՝ այն վարույթ ընդունվում է, թե՝ ոչ: Դրա համար կա 15 օր ժամկետ»,– ասաց նա:

Դիտարկմանը, թե դիմում ներկայացնելու համար առնվազն 27 ստորագրություն է պետք, Զոհրաբյանը նշեց, որ իրավական հանրությունն այդ հարցում բաժանվել է երկու մասի. «Եկեք ո´չ ես գնահատական տամ՝ իրավաչափ է, թե՝ ո´չ, որ էլ իշխանական նախարարները, ովքեր իրենց գործը թողած, երեկ դարձել էին Էյնշտեյնն ու մաթեմատիկական հաշվարկներ էին անում: ՍԴ-ն կորոշի՝ վարույթ ընդունում է, թե՝ ոչ»,-ասաց Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը երեկ լրագրողների հետ զրույցում ասել էր, որ ԼՀԿ-ն կմիանա ԲՀԿ-ի դիմումին, եթե նոր դիմում գրվի երկու խմբակցությունների կողմից առաջ բերված կետերով:

«ԲՀԿ խմբակցությունը դիմում է ներկայացրել, որտեղ մեկ կետով էր հակասահմանադրականությունը վիճարկվում, մենք առնվազն երեք կետ էլ պետք է ավելացնենք, այսինքն՝ պետք է նոր դիմում գրել: Եթե մեր գործընկերները պահպանեն իրենց ստորագրությունները, ապա մենք կմիանանք, երկու խմբակցությունների ստորագրությամբ նոր դիմում կգնա ՍԴ»,-ասել էր նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում