Որոշեցինք հետ վերցնել ՍԴ ներկայացրած մեր դիմումները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Որոշեցինք հետ վերցնել ՍԴ ներկայացրած մեր դիմումները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am: «Պարոն Քոչարյանի հետ այսօր առավոտյան քննարկեցինք և որոշեցինք հետ վերցնել ՍԴ մոտ մեկ տարի առաջ ներկայացրած դիմումները»,- այս մասին հայտարարեց Ռ. Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Արամ Օրբելյանը ՍԴ շենքի դիմաց հրավիրած ասուլիսում։

Հիշեցնենք, որ դիմումները վերաբերում են Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականության վիճարկմանը։

«Մենք չենք ուզում որևէ կերպ որևէ առնչություն ունենալ սահմանդրական կարգի տապալման հետ, ինչպես որակում են տարբեր շրջանակներ այս վերջին իրադարձությունները»,- ասաց նա։

Փաստաբանը նշեց, որ ԱԺ խմբակցություններից մեկը՝ «Լուսավոր Հայաստան» ՍԴ դիմելը կապել է Քոչարյանի գործի քննության հետ։ Նա նկատեց, որպեսզի որոշ մարդիկ իրենց անգործությունը չպայմանավորեն Ռոբերտ Քոչարյանի գործի հետ, գնում են այս քայլին։

«Մենք ասում ենք, եթե պառլամենտարիզմի կայացմանը խոչընդոտում ենք, ապա մենք գնում ենք այդ քայլին։ Մենք ունենք այս գործիքակազմը, օգտագործում ենք այն, օգտվում ենք մեզ տրված միակ իրավունքից։ Մենք չենք ուզում այս գործընթացի հետ որևէ առնչություն ունենալ»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ որևէ այլ գործիք իրենք այս պահին չունեն։

Արամ Օրբելյանը նաև հավելեց. «Ռոբերտ Քոչարյանը հստակ դիրքորոշում հայտնեց, եթե իր գործի պատճառով պառլամենտարիզմի կայացմանը որոշակի խոչընդոտներ պետք է առաջանան, ապա ինքը պետք է պահանջի, որ իր փաստաբանները հետ վերցնեն դիմումները։ Մեր պահանջ, հորդոր, խնդրանքն է բոլոր քաղաքական ուժերին Սահմանադրության հետ կապված այդ գործընթացներում ոչ պարոն Քոչարյանի, ոչ էլ փաստաբաններց որևէ մեկի անունը չշոշափել։ Այս գործընթացները բացառապես դիտարկել պառլամենտական ֆրակցիաների ու պատգամավորների իրավասության շրջանակում, եթե գտնում են՝ կա խախտում, ցանկանում են դիմել ՍԴ, բայց սպասում են ինչ-որ ամսաթվի, ապա պետք է չէ սպասել այդ ամսաթվին և հիմք ընդունելով մեր դիմումը միանալ այդ գործընթացին»։

Փաստաբանը շեշտեց, որ իրենց համար որևէ նշանակություն չունի, ՍԴ կազմը։

«Սա Սահմանդրական դատարանի կազմի հետ կապված խնդիր չէ։ Ուրեմն ինչ կազմ ուզում է թող քննի այս դիմումները, միջնորդությունները, մենք կազմի խնդիր չենք բարձրացնում»,-նշեց նա։

Մինչ Օրբելյանը պատասխանում էր լրագրողների հարցերին, իր գործընկեր Արամ Վարդևանյանը ՍԴ էր մուտքագրում դիմումը։

 

 Տեսանյութը՝ Tert.am-ի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում