Կարմիր հրապարակում մեկնարկել է Հաղթանակի 75-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր զորահանդեսը. ՈՒՂԻՂ

Կարմիր հրապարակում մեկնարկել է Հաղթանակի 75-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր զորահանդեսը. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, Tert.amՄոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր զորահանդեսը, որը կորոնավիրուսային համավարակի պատճառով մայիսի 9-ին չէր կայացել:

Ինչպես հաղորդում է ria.ru-ն, միջոցառմանը մասնակցում է 15 000 զինծառայող, ռեկորդային քանակությամբ՝ 234 միավոր ցամաքային ռազմատեխնիկա, 80 ինքնաթիռ և ուղղաթիռ, կցուցադրվեն նորագույն զինատեսակներ, այդ թվում՝ Տ-90Մ և Տ-80ԲՎՄ տանկերի նորագույն մոդելները, ինչպես նաև համազարկային կրակի «Տոռնադո–Ս» նորագույն ռեակտիվ համակարգը, Ս-350 «Վիտյազ» զենիթահրթիռային համակարգը:

Զորահանդեսի կազմակերպիչները խոստանում են անմոռանալի տեսարան: Զորահանդեսն այս տարի կտևի ոչ թե մեկ, այլ մեկուկես ժամ և ինչպես և 75 տարի առաջ, ամեն ինչ կսկսվի «Հոբելյանական քայլերգ»-ից:

Հատկանշական է, որ ընդհանուր քառասուն հաշվարկից տասը կլինի Հայրենական մեծ պատերազմի զինվորական համազգեստով:

Ընդհանուր առմամբ, զորահանդեսին մասնակցելու հրավեր է ուղարկվել աշխարհի քսան պետության ղեկավարի, որից տասներեքը հրավերն ընդունել է: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մեկնի Մոսկվա՝ ելնելով համաճարակային իրավիճակից․ վարչապետն օրերս նամակ է հղել Վլադիմիր Պուտինին և տեղեկացրել այդ մասին: Զորահանդեսին չեն մասնակցի նաև Ադրբեջանի, Թուրքմենստանի նախագահները, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, այլք:

Կարմիր հրապարակով կանցնեն Հայաստանի, Բելառուսի, Ուզբեկստանի, Հնդկաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Չինաստանի, Մոլդովայի, Մոնղոլիայի, Սերբիայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ադրբեջանի ռազմական հաշվարկները, որոնցից յուրաքանչյուրը բաղկացած կլինի 70 հոգուց:

Հատկանշական է, որ զորահանդեսին կմասնակցեն միայն այն զինծառայողները, որոնք կորոնավիրուսի նկատմամբ դիմադրողականություն ունեն: Բոլոր փորձերն ու մարզումներն անցկացվել են անվտանգության կանոնների խիստ պահպանմամբ: ՌԴ ՊՆ-ն վստահեցրել է, որ ամեն ինչ արվել է վարակի նոր բռնկում թույլ չտալու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում