Փորձագետը նշել է, թե որն է Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի հնարավոր հարվածի հավանական ուղղությունը

Փորձագետը նշել է, թե որն է Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի հնարավոր հարվածի հավանական ուղղությունը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, Tert.am: Միացյալ Նահանգների կողմից Ռուսաստանի դեմ հնարավոր հարվածի ռազմավարական ուղղությունն Արկտիկան է: Ինչպես փոխանցում է Известия-ն, նման կարծիք է հայտնել ՌԴ ռազմական փորձագետ Վլադիսլավ Շուրիգինը:

«ԱՄՆ-ն 70 տարուց ավելի մշակում է Հյուսիսային բևեռի ուղղությամբ օդային հարվածներ հասցնելու տեխնիկան: Այդ տարածքով է անցնում ամենակարճ հեռավորությունն ԱՄՆ-ից մինչև Կենտրոնական Ռուսաստանի, Ուրալի և Սիբիրի ռազմավարական, քաղաքական և տնտեսական շրջաններ»,– նշել է փորձագետը:

Նրա խոսքով՝ ԽՍՀՄ և Վարշավայի պայմանագրի երկրների հակաօդային պաշտպանության համակարգերի ապահոված բարձր խտությունը թույլ չի տվել ամերիկյան ռմբակոծիչներին Եվրոպայով ներթափանցել Ուրալ: «Երբ ԽՍՀՄ-ն ՀՕՊ համակարգերով հուսալիորեն պաշտպանում էր արկտիկյան ուղղությունը, ԱՄՆ-ն անցել էր թևավոր հրթիռներին»,- ընդգծել է մասնագետը:

Շուրիգինը վստահ է, որ ամերիկյան ռազմական ավիացիայի հաճախացած թռիչքներն Արկտիկայում թույլ են տալիս ենթադրել, որ այդպիսով ԱՄՆ ռազմաօդային ուժերը բարձրացնում են իրենց մարտական պատրաստվածության մակարդակը: Փորձագետը հավելել է, որ ռուսական կողմը պատասխան միջոցներ ունի ԱՄՆ-ի նման գործողությունների համար:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում