Սամվել Ֆարմանյանը նամակով դիմել է Եվրախորհրդարանի պատգամավորներին՝ երեկվա անընդունելի հայտարարության առնչությամբ

Սամվել Ֆարմանյանը նամակով դիմել է Եվրախորհրդարանի պատգամավորներին՝ երեկվա անընդունելի հայտարարության առնչությամբ

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, FacebookԵվրախորհրդարանի պատգամավորների երեկվա անընդունելի հայտարարության առնչությամբ այսօր հատուկ նամակով դիմել եմ հայտարարության հեղինակներին։ Նամակի կրկնօրինակը ուղարկել եմ նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար տիկին Վիկտորինին։ Ստորև` նամակի հայերեն տեքստը։

 

ԵՄ-Հայաստան Խորհրդարանական գործընկերության հանձնաժողովի նախագահ

տիկին Մարինա Կալյուրանդին

Եվրոպական խորհրդարանի Հայաստանի հարցերով մշտական զեկուցող
պարոն Տրայան Բասեսկուին

Եվրոպական խորհրդարանի Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցող
տիկին Ժելյանա Զովկոյին

Հարգելի գործընկերներ,

Մեր հանրությունը Հայաստանի և Արցախի հանրապետություններում խորապես ցնցված է երեկվա ձեր համատեղ հայտարարությունից։ Որպես Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հայաստանյան պատվիրակության նախկին ղեկավար, իմ պարտքն եմ համարում հրապարակայնորեն կիսել մեր ժողովրդի այդ մտահոգությունը, և ի լրումն Հայաստանի դիվանագիտական ու խորհրդարանական խողովակներով ձեզ փոխանցվելիք մտահոգության և փաստարկների, լրացուցիչ պարզություն մտցնել այս հարցում։

ԵՄ-ն եղել և մնում է Հայաստանի Հանրապետության առանցքային գործընկերներից մեկը անկախ մեր երկրում տեղի ունեցած քաղաքական զարգացումներից։ ԵՄ-ի հետ մեր երկրի համագործակցությունը նախորդ տասնամյակներում նշանակալի արդյունքներ է արձանագրել գրեթե բոլոր ոլորտներում։ Այդ համագործակցությունը որակապես լրիվ այլ հեռանկարներ ստացավ 2017թ․ ստորագրված «Համապարփակ և Ընդլայնված Գործընկերության Համաձայնագրով» (CEPA), որը դեռ սպասում է իր ամբողջական իրականացմանը։

ԵՄ-ի հետ համագործակցության առանցքային ձևաչափերից մեկը եղել և մնում է հենց խորհրդարանական ուղղությունը։ Տասնամյակներ շարունակ Եվրոպական խորհրդարանի և ՀՀ Ազգային ժողովի հարյուրավոր պատգամավորներ իրենց բաժին ներդրումն են բերել, որպեսզի եվրոպական և հայաստանյան հանրությունների միջև փոխգործակցությունը ծառայի մեր ընդհանուր օրակարգին ու ընդհանուր շահին։ Այդ ողջ ընթացքում մեր համագործակցությունը հիմնված է եղել փոխըմբռնման, փոխադարձ հարգանքի և գոյություն ունեցող զգայուն խնդիրների վերաբերյալ փոխադարձ զսպվածության սկզբունքների վրա։ Գաղտնիք չէ, որ այդ ամենը նախևառաջ դրսևորվել է հենց Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ նախկինում մեր ունեցած քննարկումներում, ընդունված համատեղ փաստաթղթերում ու հայտարարություններում։

Չափազանցություն չի լինի արձանագրել, որ երեկվա Ձեր համատեղ հայտարարությունը կոտրում է տասնամյակներով ձևավորված այդ օրինակելի ավանդույթը, չի արտացոլում Հայաստան-ԵՄ համագործակցության ու դրա հեռանկարների փոխշահավետության ոգին, հայաստանյան հանրության աչքում կասկածի տակ է դնում մեր ազգային օրակարգի ամենազգայուն խնդրի վերաբերյալ եվրոպական խորհրդարանի օբյեկտիվությունը, ու որ ամենակարևորն է, խեղաթյուրում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բուն էությունը՝ էական վնաս պատճառելով բանակցային եղանակով հակամարտությանը խաղաղ հանգուցալուծում գտնելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին։

Ձեր համատեղ հայտարարության մեջ տեղ գտած անընդունելի ձևակերպումները հակասում են արցախյան հակամարտության վերաբերյալ ԵՄ-ի պաշտոնական դիրքորոշումներին, որոնք արձանագրված են բազմաթիվ պաշտոնական փաստաթղթերում, այդ CEPA-ում։ Նման անընդունելի ձևակերպումները հակասում են հենց խորհրդարանական համագործակցության այս ձևաչափով նախկինում ընդունված մոտ քսան համատեղ հայտարարություններին և որ ամենակարևորն է, էական վնաս է պատճառում հակամարտության շուրջ ընթացող բանակցային գործընթացին՝ շիկացնելով առանց այդ էլ լարված մթնոլորտը հակամարտության բուն գոտում։

Նոր կորոնավիրուսով պայմանավորված ողջ մոլորակը պատուհասած գլոբալ համաճարակի պայմաններում, երբ բոլոր երկրներն ու նրանց կառավարությունները իրենց ջանքերը կենտրոնացրել են մարդկանց կյանքերը փրկելու առաջնային առաքելության վրա, իսկ միջազգային կառույցներն ու համաշխարհային կարծիքի առաջատարները կառավարություններին կոչ են անում առժամանակ մի կողմ դնել եղած բոլոր հակասությունները, իսկ հակամարտության գոտիներում խստագույնս պահպանել հրադադարի ռեժիմը, Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունները շարունակում են անտեսել միջազգային հանրության այդ կոչերը և Հայաստանին ու Արցախին սպառնում են լայնածավալ նոր պատերազմով՝ պարբերաբար խախտելով զինադադարի եռակողմ համաձայնագիրը։

Նման պայթյունավտանգ իրավիճակում ձեր երեկվա հայտարարությունը այլ կերպ, քան անթաքույց և դատապարտելի աջակցություն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ապակառուցողական պահվածքին ու շփման գծում հնարավոր նոր սադրանքներին, չի կարող ընկալվել։ Ավելորդ ենք համարում հիշեցնել, թե ինչպիսի ահռելի «խավիարային ջանքեր» էր գործադրում Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը 2016թ․ապրիլին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ սանձազերծված նոր պատերազմին նախորդած ժամանակահատվածում՝ ստանալու եվրոպական խորհրդարանական կառույցների նմանատիպ «աջակցությունը», որպես ծրագրված ռազմական գործողություններ սկսելը «միջազգայնորեն լեգիտիմացնելու» ծխածածկույթ․ անվիճելի հանգամանք, որ հետագայում փաստվեց նաև խորհրդարանական և լրագրողական տարբեր հետաքննությունների արդյունքում։

Ավելորդ է ասել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չունի ռազմական լուծում, իսկ Ադրբեջանի կողմից ռազմական հնարավոր նոր արկածախնդրությունը կրկին արդյունավետորեն կանգնեցվելու է Հայաստանի ու Արցախի զինված ուժերի կողմից։ Արցախին, նրա ժողովրդի անվտանգությանը վերաբերող հարցերում մեր հասարակությունը անկախ քաղաքական իրավիճակներից միասնական է, և որևէ մեկը, ով կասկածի տակ կառնի այն, իրեն սխալված կգտնի։ Դրանով հանդերձ, ԵՄ-ի, նրա բոլոր կառույցների, այդ թվում՝ Եվրախորհրդարանի առաքելությունը պիտի լինի ոչ միայն նման անհավասարակշիռ հայտարարություններով առանց այդ էլ լարված իրավիճակի վրա յուղ չլցնելը, այլև ամեն ինչ անելը, որպեսզի երաշխավորված լինի հակամարտության խաղաղ կարգավորման համար ուժի կամ դրա սպառնալիքի բացառման դրույթի գործողությունը գետնի վրա։

Ավելորդ է ասել, որ ապակառուցողական և ճշմարտությունը որևէ կերպ չարտացոլող նման միակողմանի հայտարարությունների արդյունքում հայկական հանրության աչքերում կասկածի տակ է առնվում ոչ միայն Եվրախորհրդարանի, այլ ընդհանուր ԵՄ-ի անաչառությունն ու օբյեկտիվությունը, ինչպես նաև ուժեղացնում մեր հասարակության այն շերտերի ձայները, ովքեր թերահավատորեն են վերաբերվում Հայաստան-ԵՄ համագործակցության հեռանկարներին ու դրա նպատակահարմարությանը, նաև դրա հիմքում ընկած արժեքներին մեր ունեցած փոխադարձ հավատարմությանը։

Քննարկման ենթակա չէ այն, որ պետք է գտնել ճիշտ ձևաչափն ու պատեհ հնարավորությունը, համանման մեկ այլ հայտարարությամբ ուղղելու արդեն իսկ թույլ տրված սխալը։ Վստահ ենք, որ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական առաքելությունները և խորհրդարանական դիվանագիտության օրվա պատասխանատուները ձեզ կփոխանցեն նույն ուղերձը։

Հայաստան-ԵՄ համագործակցությունը, դրա խորհրդարանական ձևաչափով գործընկերությունը հարուստ պատմություն ունի և պիտի նույնքան հարուստ ապագա ու հեռանկար ունենա, ինչին հավաստում եմ իմ հանձնառությունը։

Հարգանքներով՝

Սամվել Ֆարմանյան՝ Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ (2012-2017)

Սամվել ՖԱՐՄԱՆՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում