Հրապարակվել է ՀՀ պարետի նոր որոշումը

Հրապարակվել է ՀՀ պարետի նոր որոշումը

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Հրապարակվել է ՀՀ պարետի որոշումը, համաձայն որի՝ կարգելափակվեն Գեղարքունիքի մարզի Ձորագյուղի ելքերն ու մուտքերը:

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշման հավելվածի 7-րդ կետով՝

1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքում կիրառել հետևյալ սահմանափակումները.

ա) Սահմանել համայնքի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմաններից ելք կատարելու հատուկ ռեժիմ` արգելելով անձանց և

տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման նպատակով տեղաշարժի.

բ) Սույն կետի «ա» ենթակետով սահմանված Ձորագյուղ համայնք մուտք գործելու սահմանափակման համար բացառություն սահմանել մինչև 2020 թվականի հունիսի 7-ը՝ ժամը 08:00-ն՝ թույլատրելով Ձորագյուղ համայնքում մշտական բնակության իրավունք ունեցող կամ փաստացի բնակվող անձանց մուտքը.

գ) Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու նպատակով ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության կողմից սահմանված վայրերում տեղադրել հատուկ անցակետեր և զննման կետեր՝ Ձորագյուղ համայնքի վարչական տարածք թույլատրվող անձանց ու տրանսպորտային միջոցների զննումն իրականացնելու նպատակով.

2. Սահմանել Ձորագյուղ համայնքում տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվող ժամանակավոր սահմանափակումները:

3. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետ Էդուարդ Մարտիրոսյանին, ՀՀ
ոստիկանության պետ Արման Սարգսյանին, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին՝ ապահովել սույն որոշման իրականացումը.

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 18:00-ին, և գործում է մինչև 2020 թվականի հունիսի 20-ը՝ ժամը 23։59-ը»,- ասված է որոշման մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում