«Հրապարակ»․ ՀԿ-ների՝ տեսալսողական մեդիա ունենալու արգելքը հանվել է օրենքից

«Հրապարակ»․ ՀԿ-ների՝ տեսալսողական մեդիա ունենալու արգելքը հանվել է օրենքից

«Տեսալսողական մեդիայի մասին օրենքի նախագծի մեջ կար դրույթ, որն արգելում էր հասարակական կազմակերպություններին ունենալ տեսալսողական մեդիա. ինչո՞ւ՝ հարցրինք նախագծի համահեղինակ Վահագն Թևոսյանին։ «Նման դրույթ, այո, կար, սակայն արդեն հանվել է»:

Ինչո՞ւ եք հանել։ «Որովհետև, ըստ էության, հասարակական կազմակերպությունը և տնտեսվարողը` շահույթ հետապնդող կազմակերպությունը, գրեթե նույն իրավազորություններն ունեն, տարբերությամբ, որ ուղղակի ՀԿ-ն շահույթ չի բաշխում, այլ շահույթը տնօրինում է կանոնադրական նպատակների համար, իսկ տնտեսվարողը շահույթը բաշխում է, իսկ եթե երկուսին էլ տնտեսվարման իրավասություն է տրված, ապա մեդիա-ծառայությանը, դիտարկելով որպես տնտեսվարման ձև, զրկել ՀԿ-ներին դրա իրավունքից, կարծում եմ` իրավունքի խախտում է»:

Տեղեկություններ կային, որ այդ դրույթը, որն արդեն հանվել է, անհանգստություն էր պատճառել սորոսականների, Բաց հասարակության հիմնադրամի հետ համագործակցող ՀԿ-ներին։

Նրանք կարծում էին, որ դա իրենց դեմ է, որ սահմանափակվի իրենց ազդեցության դաշտը: «Ես տեղյակ չեմ դրանից, նման հարցով ինձ որևէ մեկը չի դիմել, և գտնում եմ, որ իրավունքներն ընդհանուր են»:

Էդ դեպքում ինչո՞ւ էր կանխավ այդ դրույթը ներառվել։ «Կանխավ կարող էինք դիտարկել, պարզապես այնտեղ նախապես գրված էր այլ բառ, որը հետո խմբագրվեց, գրված էր` «քաղաքական-հասարակական» եզրույթ, և քանի որ դիտարկել ենք, որ քաղաքականը կուսակցություններն են, ընդամենը տեխնիկական խնդիր է եղել՝ շտկել ենք, ուրիշ խնդիր չի եղել»:

Իսկ մեր տեղեկություններով՝ «սորոսականները» պատրաստվել են բողոքի «նոտա» հղել, համոզված են եղել, որ առանց Փաշինյանի այդ դրույթը չէր լինի։ «Ձեր իրավունքն է հավատալ-չհավատալը, ես առաջին անգամ եմ նման բան լսում»»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում