Այս ընթացքը կարող է բերել համընդհանուր աղետի և անդառնալի կորուստների. ՀՅԴ-ն պահանջում է ԱԺ հատուկ նիստ (տեսանյութ)

Այս ընթացքը կարող է բերել համընդհանուր աղետի և անդառնալի կորուստների. ՀՅԴ-ն պահանջում է ԱԺ հատուկ նիստ (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, Tert.amԵրկիրը կանգնած է դժվարին մարտահրավերների առաջ: Համավարակը, տնտեսական խորացող ճգնաժամը, ահագնացող սոցիալական հիմնախնդիրները լրջագույն սպառնալիք են պետության ու ժողովրդի, ներքին ու արտաքին անվտանգության համար: Այս մասին ֆեյսբուքի ուղիղ եթերում ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ ներկայացնելով ՀՅԴ ԳՄ հայտարարությունը։

Նրա խոսքով՝ Կառավարության քայլերը կամ անարդյունավետ են, կամ ուշացած, իսկ հաճախ նաև սխալ: Բոլոր ուղղություններով առկա է ճգնաժամ և այս ընթացքը կարող է հանգեցնել համընդհանուր աղետի ու անդառնալի կորուստների: ԳՄ ներկայացուցչի խոսքով, իբրև առաջնային մանդատ ունեցող քաղաքական մարմին` Ազգային ժողովն անմիջական պատասխանատվություն է կրում երկրում ստեղծված վիճակի համար, ուստի պետք է այս ծանր պահին զերծ մնա անօգուտ, ժամանակավրեպ օրակարգերից և զբաղվի երկրի համար թիվ մեկ հարցով։

«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ փաստելով կառավարության ձախողումն ու անկարողությունը՝ պահանջում ենք մինչև ներկա արտակարգ դրության ժամկետի ավարտը գումարել Ազգային ժողովի հատուկ նիստ` հետևյալ օրակարգով․ քննարկել և ամբողջական գնահատական տալ առկա իրավիճակին, սկսած թիվ մեկ պատասխանատու վարչապետից՝ պատասխանատվության կանչել ձախողած բոլոր պաշտոնատար անձանց, գտնել ճգնաժամից դուրս գալու լուծումներ, որոնք արագ և արդյունավետ ձևով կկասեցնեն համավարակի տարածումը և կկանգնեցնեն տնտեսության փլուզումը»,– ասաց Սաղաթելյանը։

Նրա խոսքով, երկրի և ժողովրդի շահը վեր է ամեն ինչից և պահի լրջությունը պարտադրում է բոլոր ջանքերը նպատակաուղղել աղետի կանխմանը:

«Իշխանությանը ևս մեկ անգամ կոչ ենք անում սթափվել և առաջնորդվել համազգային շահերով։ Կրկին հիշեցնում ենք, դուք եք իրավիճակի հետագա վատթարացման միակ մեղավորն ու պատասխանատուն՝ իր բոլոր հետևանքներով»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում