Հայկական ավիաընկերություններին արգելվել է չվերթներ իրականացնել ԵՄ տարածքում

Հայկական ավիաընկերություններին արգելվել է չվերթներ իրականացնել ԵՄ տարածքում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, Tert.am: Եվրամիությունն ավիաընկերությունների ցանկ է հրապարակել, որոնց որոշակի վերապահումներով արգելվում է չվերթներ իրականացնել ԵՄ տարածքում:

Անվտանգության համապատասխան կանոնների չապահովման պատճառով ԵՄ տարածքում թռիչքներ իրականացնելու արգելքի տակ են հայտնվել նաև Հայաստանի ավիափոխադրողները, որոնց թվում են «Արմենիա», «Արմենիան էյրվեյս», «Արմենիան հելիքոփթերս», «Ատլանտիս Արմենիան էյրվեյս», «Ատլանտիս յուրոփիան էյրվեյս», «Մարս ավիա» և «Սքայբոլ» ընկերությունները:

Նշվում է, որ այս ցանկում հայտնված ավիափոխադրողներին կարող է թույլատրվել չվերթներ իրականացնել վարձակալվող օդանավերով, որոնք կպատկանեն այն ավիաընկերություններին, որոնք չեն հայտնվել սահմանափակումների ցանկում:

«Եվրոպական Միության անդամ երկրների քաղաքացիական ավիացիայի իշխանությունները կարող են ստուգել միայն այն ավիաուղիների գործունեությունը, որոնք միության տարածքում են գործում: Այնուամենայնիվ, դա չի նշանակում, որ արգելքի ցանկում չհայտնված ավիափոխադրողների գործունեությունը համապատասխանում է անվտանգության պահանջված չափանիշներին»,- ասվում է ԵՄ հայտարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում