Փաշինյանը Հայաստանը ներքաշել է զենքի առևտրի միջազգային սև շուկա. Միքայել Մինասյան

Փաշինյանը Հայաստանը ներքաշել է զենքի առևտրի միջազգային սև շուկա. Միքայել Մինասյան

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, Tert.amՎատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է «Ստի վերջը» խորագրով հերթական տեսանյութը, որը վերնագրված է «Զենքի անօրինական վաճառք, «նախնադարյան» զենքի ձեռքբերման գործարք, կոռուպցիա և անտեսվող մահեր»:

Նա նշել է, որ փաստեր կան, որոնք վկայում են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը ներքաշել է զենքի առևտրի միջազգային սև շուկա, և մաքսանենգ ծխախոտի, ինչպես նաև զենքի սկանդալը ծածկադմփոց անելու համար ՌԴ է գործուղղվել գեներալ Արշակ Կարապետյանը:

«Հիմա գեներալ Կարապետյանը, որը զբաղեցնում է վարչապետի խորհրդականի պաշտոնը, ամսի 23-ին գաղտնի գործուղվել է արդեն մեր բոլորի կողմից սիրված, հայկական միջազգային կենտրոն դարձած Վորոնեժ»,- ասաց Մինասյանը:

Նա հիշեցրեց, որ ՀՀ-ում, ինչպես նաև ՌԴ-ում գործում է արտակարգ դրության ռեժիմ և ընդգծեց՝ գեներալ Կարապետյանը չէր կարող մեկնել Հայաստանից և հատել ՌԴ սահմանը մասնավոր այցով: «Ուրեմն նա գնացել է որպես պետական պաշտոնյա, իսկ կառավարության կայքում ոչինչ չկա այդ մասին, հետևաբար նա գնացել է վարչապետի կա՛մ գաղտնի հրամանով, կա՛մ բանավոր հրամանով: Նիկոլ Փաշինյանը, որն արդեն վաղուց օգտագործում է գեներալ Կարապետյանին հատուկ և մութ գործերի համար, այս անգամ էլ ուղարկել է նրան Վորոնեժ, որ նա բանակցի ՌԴ հատուկ ծառայությունների հետ, որպեսզիօգնեն Նիկոլ Փաշինյանին և ՀՀ վարչապետի ընտանիքին վերաբերող ամենամեծ սկանդալը՝ կապված մաքսանենգ ծխախոտի հետ, ծածկադփոց անեն և քրեական գործ չհարուցեն»,- ասաց նա:

Սակայն, Մինասյանի խոսքով, այդտեղ գեներալ Կարապետյանի միսիան չի ավարտվել:

«Կան փաստեր, որոնք խոսում են, որ Նիկոլ Փաշինյանը, ոմն Դավիթ Գալստյանի հետ միասին, ներգրավված են զենքի միջազգային առևտրի մեջ և դրա համար գեներալ Կարապետյանը Վորոնեժից մեկնում է Մոսկվա, որ այնտեղ բանակցի ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնյաների հետ, որ փորձեն ծածկադմփոց անել այն սկանդալը, որի մասին ես ձեզ հիմա պատմելու եմ»,- ասաց նա:

«Ես լինելու եմ շատ զգույշ իմ պատմելու ընթացքում, բայց ես պարտավոր եմ բացել այս խայտառակ պատմությունը, որովհետև Նիկոլ Փաշինյանը իր գրպանների պատճառով բացի այն, որ խաղում է մեր իմիջի հետ, խաղում է նաև մեր անվտանգության հետ»,- ասաց նա:

Միքայել Մինասյանը հայտարարեց, որ ՀՀ-ն իրավունք ունի Ռուսաստանից զենք ու զինամթերք գնել ռուսական ներքին գներով, այդ գները միջազգային գներից կարող են տարբերվել մինչև 65 տոկոսով:

«Նիկոլ Փաշինյանը, իր նոր ընկերոջ՝ ոմն Դավիթ Գալստյանի՝ նույն ինքը՝ Պատրոն Դավիթի հետ մտածում և իրականցնում են մի սխեմա, որի հիմքում հետևյալն է. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լիազորում է Դավիթ Գալստյանին ՊՆ միջոցով և տալիս է արտոնություն, որ նա ՀՀ անունից պատվիրի 100 միավոր զենք, այնուհետև ՀՀ-ն Դավիթ Գալստյանի օֆշորից գնում է այդ 100 տեսակից 60-ը, այդ 60-ի համար վճարում է և դա գալիս է Հայաստան: Թղթերով ամեն ինչ նորմալ է, սակայն կա մի բացառություն. այն 40-ը, որը սկզբում ապտվիրել են, բայց չեն վճարել, Դավիթ Գալստյանն ուղիղ Ռուսաստանից ուղարկում է երրորդ երկիր, օրինակ՝ Արաբական էմիություններ»,– նշեց նա:

Մինասյանի խոսքով՝ սա արդեն խայտառակություն չէ, խայտառակություն են սիգարետն ու ադամանդը, իսկ սա արդեն ստորություն է, որովհետև այդ երրորդ երկրից զենքը հայտնվում է չորրորդ երկրում:

«Բոլոր մասնագետները գիտեն, որ հնարավոր է համարներով ամբողջ զենքի պատմությունն իմանալ: 4-րդ երկրում զենքն օգտագործելուց հետո ՌԴ-ում իմանում են, որ Հայաստանին վաճառված զենքը հայտնվել է 4-րդ երկրում և, որպեսզի չփչացնեն հարաբերությունները ՀՀ հետ, քանի որ Հայաստանը նրանց համար Նիկոլ Փաշինյանը չէ, այլ ՀՀ-ն ու հայ ժողովուրդն է, որոշում են պատժել այս մաֆիոզներին իրենց ձևով: Դավիթ Գալստյանին հայտարարում են «պերսոնա նոն գրատա» և տաս տարով արգելում են մուտքը ՌԴ՝ զրկելով ՀՀ մոնոպոլիստին հնարավորությունից զենք և զինամթերք գնել ՌԴ-ից»,- ասաց նա:

Այնուհետև Մինասյանը ներկայացրեց փաստաթուղթ, որն ապացուցում է այս պատմությունը, և որով Դավիթ Գալստյանին արգելված է մուտքը ՌԴ մինչև 2029 թվականը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում