Արցախը համաձա՞յն է Ադրբեջանի առաջարկած փուլային տարբերակին

Արցախը համաձա՞յն է Ադրբեջանի առաջարկած փուլային տարբերակին

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, Times.amՍամվել Բաբայանին և Մասիս Մայիլյանին բարձր պաշտոնների նշանակելու աղմկահարույց տեսաուղերձում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր չափազանց կարևոր և, իմ կարծիքով, շատ վտանգավոր մեկ այլ հայտարարություն է արել, որը դուրս է մնացել հանրության ուշադրությունից։ Պատասխանելով Ալիևի հայտարարություններին՝ պարոն Հարությունյանը նախ ասել է, որ մենք պատրաստ ենք հակամարտությունը ուժի ճանապարհով լուծելու թշնամու սցենարին, զգուշացրել, որ այդ դեպքում Ադրբեջանը նոր կորուստներ կկրի, բայց վերջում ավելացրել հետևյալ տողերը.

«Մենք պատրաստ ենք խաղաղ ճանապարհով, բանակցության միջոցով հարցի խաղաղ, տրամաբանական լուծմանը, և այն հայտարարությունը, որը դու (Իլհամ Ալիևը – Հ.Մ.-Շ.) արել ես փուլային, որ միայն այդ տարբերակն է… իհարկե փուլային կարող է լուծվել։ Բայց փուլային լուծումը մի տարբերակով՝ առաջին հերթին ինքնորոշման իրավունքի ճանաչում։ Երկրորդ հերթին անվտանգության երաշխիքների ըդունում, որից հետո՝ արդեն բանակցություններ»։

Ի՞նչ է ստացվում, Արցախը համաձա՞յն է բանակցությունների սեղան բերված Ադրբեջանի փուլային տարբերակին։ Մի կողմ դնենք դեռ Արայիկ Հարությունյանի նշած հարցերի քննարկման հերթականությունը։ Այդտեղ էլ խնդիր կա, որի մասին հիմա կգրեմ։ Բայց փուլային տարբերա՞կ։ Հասկանու՞մ եք, որ այդ դեպքում Ադրբեջանն ու միջնորդները պարզապես կկառչեն Արայիկ Հարությունյանի խոսքերից և որպես սկիզբ վերջնականապես կպարտադրեն փուլային տարբերակը, հետո արդեն կանդրադառնան դրանում ներառված կետերի հերթականության հարցին։ Եթե, իհարկե, դա արդեն տեղի չի ունեցել։ Որովհետև Լավրովի համապատասխան հայտարարությանը մենք այնուամենայնիվ որևէ բովանդակային հերքում չտեսանք ՀՀ իշխանությունների կողմից։

Ինչ վերաբերվում է փուլային տարբերակի քննարկման կետերի Արցախի նախագահի նշած հերթականությանը, ապա դրանք, ըստ էության, երեքն են՝ ինքորոշման իրավունք, անվտանգության երաշխիքներ և բանակցություններ։ Առաջին երկուսի հետ ադրբեջանը խնդիր չունի։ Ինքնորոշման իրավունքը դա կարգավիճակ չէ, առավել ևս անկախության ճանաչում չէ, և այդ հանգամանքը վաղուց է շահարկվում Ալիևի կողմից։ Նույնը վերաբերում է անվտանգության երաշխիքներին։ Այս հարցում նույնպես ադրբեջանցիները բառախաղ և որոշակի զիջումներ անելու տեղ ունեն։ Ինչ վերաբերվում է երրորդ կետին՝ բանակցություններին, ապա սա դեռ պետք է հասկանալ, թե ինչ նկատի ուներ Արայիկ Հարությունյանը։ Հուսով եմ՝ խոսքը զիջումների մասին չէ։

Ամեն դեպքում պարզ է, որ նման հայտարարությամբ Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը բավական լուրջ խնդիրներ կարող է առաջացնել բանակցային գործընթացում հայկական շահի համար։ Եվ դա այն դեպքում, երբ պաշտոնական Երևանը, ըստ էության, արդեն կորցրել է բոլոր այն դիրքերը, որոնք թույլ էին տալիս որևէ հույս կապել հայկական դիվանագիտության հետ։ Այս հարցում պաշտպանական վերջին գիծը պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը կարող է լինել։ Եվ շատ ցավալի է տեսնել, թե ինչպես է Արցախի ղեկավարը կրկնում Նիկոլ Փաշինյանի սխալները՝ փաստացի վերացնելով նաև իմ նշած պաշտպանական այդ վերջին գիծը։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում