Բոլիվիայում վերջին կես տարվա ընթացքում 3-րդ անգամ փոխվել է առողջապահության նախարարը. «ՌԻԱ Նովոստի»

Բոլիվիայում վերջին կես տարվա ընթացքում 3-րդ անգամ փոխվել է առողջապահության նախարարը. «ՌԻԱ Նովոստի»

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, Tert.amԲոլիվիայում վերջին կես տարվա ընթացքում 3-րդ անգամ փոխվել է առողջապահության նախարարը․ երկրի ժամանակավոր նախագահ Ժանին Անյեսն այս անգամ պաշտոնը վստահել է առողջապահության նախկին փոխնախարար Էյդի Ռոքային, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

«Այսօր առողջապահության նախարար եմ նշանակել բժիշկ Էյդի Ռոքային, որը մինչ այսօր առողջապահության նախարարության ղեկավարի պաշտոնակատարն էր։ Խնդրել եմ նրան վերակազմակերպել առողջապահական համակարգը։ Շնորհավորում եմ, Էյդի։ Հավատում եմ Ձեր ուժերին»,- գրել է Անյեսը թվիթերյան իր օգտահաշվում։

Նախկինում Բոլիվիայի առողջապահության նախարարի պաշտոնը Մարսելո Նավահոն է զբաղեցրել, որը ձերբակալվել և պաշտոնազրկվել է իսպանական արհեստական շնչառական համակարգերի ապօրինի գնման գործարքից հետո։ Ավելի ուշ դատարանը նրան երեք ամիս ժամկետով նախնական կալանքի տակ պահելու որոշում էր կայացրել։

Նշվում է, որ արհեստական շնչառական համակարգերի (ԱՇՀ) շուրջ ստեղծված սկանդալը սկսվել է դրանց՝ երկիր ժամանելու հաջորդ օրը, երբ բժիշկները հայտարարել են, որ ապրանքն Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանած պահանջներին չի համապատասխանում և վերակենդանացման բաժանմունքում օգտագործման համար պիտանի չէ։

Բացի այդ, հայտնի է դարձել, որ Բոլիվիայի կառավարությունը 170 ապարատից յուրաքանչյուրի համար ավելի քան 27 000 դոլար է վճարել, ինչն էլ տեղի բնակչության շրջանում բողոքի ալիք է բարձրացրել։ Նշվում է, որ տեղի համալսարանները նախկինում կառավարությանն առաջարկել էին նման ապարատներ արտադրել միջինն ընդամենը 1000 դոլարով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում