«Փաստ»․ Հեղափոխության «բրենդը» սպառված է թե՛ ներսում, թե՛ դրսում

«Փաստ»․ Հեղափոխության «բրենդը» սպառված է թե՛ ներսում, թե՛ դրսում

«Ընդհանրապես, շատ է խոսվում ՀՀ իշխանությունների՝ երկրի ներսում ունեցած վստահության մակարդակի կամ վարկանիշի անկման մասին։ Իսկ իշխող ուժի ներկայացուցիչները իրենց քաղաքական ուղեգիծն առաջ տանելիս ամեն քայլափոխի հայտարարում են, որ իրենք կարողացել են ստանալ ժողովրդի վստահության քվեն և ունեն հանրային լեգիտիմություն։

Սակայն պետք է նկատել, որ իշխանության գործադրման համար անհրաժեշտ պայմանը քաղաքական լեգիտիմության ընդունումն է ոչ միայն հասարակության, այլև միջազգային հանրության և գործընկեր պետությունների կողմից: Այլ կերպ ասած՝ յուրաքանչյուր իշխանություն իր վարկանիշն է ձևավորում նաև արտաքին քաղաքականության ոլորտում, ինչը պակաս կարևոր չէ, քան հանրային վստահության պաշարը։

Իսկ իշխանությունների արտաքին վարկանիշից բազում հարցեր են կախված՝ մանավանդ Հայաստանի պարագայում, որը անվտանգության առաջնահերթ խնդիր ունի և գտնվում է բարդ աշխարհաքաղաքական միջավայրում։ Այս հանգամանքը չեն կարող չգիտակցել Հայաստանի բոլոր կառավարությունները, այդ թվում՝ Փաշինյանի կառավարությունը։

Եվ պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվելուց հետո շատ էր կարևորում արտաքին քաղաքական գործունեության ակտիվացումը։

Օրինակ՝ երբ նա սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում հանդիպում էր ունենում ԱՄՆ համայնքային կառույցների, հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ներկայացնում էր, որ առաջնահերթ նշանակություն է տալիս արտաքին քաղաքականության խնդրին:

Փաշինյանը մասնավորապես հայտարարում էր. «Փորձելու ենք ՌԴ-ի, ԵԱՏՄ գործընկերների, Իրանի, Վրաստանի, ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հետ հարաբերությունները բարձրացնել նոր մակարդակի:

Այդ հարաբերություններում պետք է լինենք ավելի վստահ, ինքնիշխան պետությանը հատուկ մոտեցումներով, իսկ արտաքին քաղաքականությունը վարենք ազգային շահերը սպասարկելու, այլ ոչ թե իշխանությունը պահպանելու անհրաժեշտությունից ելնելով»։

Այնուամենայնիվ, հաշվի առնենք, որ բարձրագոչ հայտարարություններ անելը և հաջողված դիվանագիտական աշխատանք տանելը տարբերվում են միմյանցից։

Ճիշտ է՝ Փաշինյանի իշխանության ընթացքում երկրի արտաքին քաղաքական ուղեգծում կտրուկ շրջադարձեր տեղի չունեցան, և նա շարունակեց նախկինների արտաքին քաղաքական կուրսը, բայց արտաքին գործընկերների հետ հարաբերությունների զարգացումը չունեցավ այն տեմպը, որն ակնկալում էր հանրությունը։

Իր պաշտոնավարման առաջին տարում Փաշինյանին քիչ թե շատ հաջողվեց միջազգային հանրությանը ներկայանալ «հեղափոխության» բրենդով և դրանով որոշակի արտաքին լեգիտիմության շղարշ ձևավորել իր շուրջ, իսկ ավելի ստույգ՝ իրեն թվաց, որ այդպես է, սակայն իշխանափոխությունից երկու տարի հետո «հեղափոխության» բրենդն այլևս ուժը կորցրել է, և իշխանությունների նախաձեռնողականությունը պետք է դրսևորվի գործնական հարթության վրա:

Ինչպես ցույց է տալիս ժամանակը, ՀՀ իշխանություններն ի վիճակի չեն եղել իրենց պաշտոնավարման ընթացքում էական դրական տեղաշարժ ապահովել։

Տեսանելի առաջընթաց չի նկատվում ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ հարաբերություններում, ավելին՝ գնալով այս ուղղությամբ կնճիռներն ու անվստահությունն ավելի են խորանում։ Առանձնահատուկ զարգացում չկա նաև ոչ միայն խոշոր գործընկերներ ԵՄ-ի, ԱՄՆ-ի ու Չինաստանի հետ հարաբերություններում, այլև հարևան Վրաստանի ու Իրանի հետ գործընկերության շրջանակում»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում